ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այսօր Շուշիի ազատագրման օրն է

Այսօր Շուշիի ազատագրման օրն է

Մայիսի 8-ն Արցախյան պատերազմի պատմության մեջ կարևոր օր է. 28 տարի առաջ այս օրը սկսվեց «Հարսանիք լեռներում» անվանումը կրող օպերացիան, որն ավարտվեց մայիսի 9-ի լուսաբացին՝ Շուշիի ազատագրմամբ:

Բարձունքի վրա գտնվող Շուշին ադրբեջանցիները դարձրել էին հայկական բնակավայրերի ռմբակոծման հարթակ: Ստեփանակերտը պարբերաբար հրետակոծում էին հենց Շուշիից: 

Թշնամուն լռեցնելու համար միանգամից չորս ուղղությամբ ծրագրված գործողությունները ղեկավարեց ԼՂ ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը:

Գրոհի արևելյան ուղղության ղեկավարն էր ԼՂ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը: Հյուսիսային` Ստեփանակերտ-Շուշի ուղղության հրամանատարը Վալերի Չիթչյանն էր, հյուսիս-արևմտյանինը՝ Սեյրան Օհանյանը: Յուրի Հովհաննիսյանը ղեկավարում էր «26-ի» հենակետի (գտնվում էր Ստեփանակերտի մերձակա Կրկժան գյուղի մոտակայքում) պահեստազորի ռազմական գործողությունը: Հարավային կամ Լաչինի ուղղության հրամանատարը Սամվել Բաբայանն էր:

Ռազմական գործողությունների ելքն կանխորոշվեց արդեն իսկ մայիսի 8-ին: Գիշերը` ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո հայկական զորքը վաղ առավոտյան արդեն Շուշիում էր, լուսաբացին բերդաքաղաքի Սբ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայկական եռագույնը: Իսկ երեկոյան տրված դադարը հակառակորդի համար պարզապես հնարավորություն էր՝ հատկացված միջանցքով բերդաքաղաքից հեռանալու համար։

Մայիսի 9-ին Շուշին արդեն ազատագրված էր։ Օպերացիան հաջողվել էր հերոսական ոգու շնորհիվ:

Արկադի Տեր-Թադևոսյանը բազմիցս նշել է, որ Շուշիի ազատագրումն անհնար կլիներ, եթե առաջնորդվեին միայն զինվորական օրենքներով: Մշակված ծրագիրն անիրագործելի էր համարել անգամ այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, որի պատճառով էլ Շուշիի օպերացիան կրում է «Հարսանիք լեռներում» անվանումը: Քաղաքի գրավման ռազմական պլանը տեսնելուց հետո, վերջինս ասել էր, թե դա անհնար է և ի պատասխան պնդումների՝ խոստացել էր Շուշին վերցնելուց հետո անպայման ամուսնանալ:

Բերդաքաղաքի գրավումից հետո պատերազմը ընթացավ մինչև 1994թ. մայիսի 12-ը: Սակայն, Շուշիից հետո պատերազմի ավարտն արդեն տեսանելի էր, այն բեկումնային պահ էր դարձել Ղարաբաղյան պատերազմում:

  • Կիսվել: