շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Այսօր՝ հունվարի 20-ին, Ստեփանակերտի Կրկժան արվարձանի ազատագրման 28-ամյակին նվիրված՝ կայացել է հանդիսավոր միջոցառում:

Միջոցառմանը ներկա «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Կրկժանի ազատագրման մասնակից Արայիկ Հարությունյանը, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, մի խումբ ազատամարտիկներ ծաղիկներ են խոնարհել Կրկժանի ազատագրման համար նահատակվածների հիշատակին կառուցված հուշաքարին:

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն իր խոսքում ասել է, որ մարտական ուղին ինքը սկսել է Կրկժանից:
 
Խոսելով ազատագրման մասին՝ Ա. Հարությունյանն ավելացրել է.
«Մեր ամենակարևոր հաղթանակներից մեկն է եղել Կրկժանի ազատագրումը: Երկար պայքարից հետո մեզ հաջողվել է ազատագրել պատմականորեն հայկական այս բնակավայրը, որտեղ կան հարյուրամյակների պատմություն ունեցող գերեզմաններ, որտեղ եղել են հայկական եկեղեցիներ: Հենց դրանց ազատագրումը մեր գոյապաքարի հիմնական նպատակներից էր: Եվ ազատամարտի ընթացքում գրանցված հաջողությունները հենց հերոս ու քաջարի տղաների շնորհիվ էին, որովհետև միավորված էինք հայրենիքի ազատագրման գաղափարի շուր: Գլուխ եմ խոնարհում մարտական բոլոր այն տղաների հիշատակի առաջ, ովքեր մասնակցել, բայց չեն հասցրել զգալ Կրկժանի ազատագրման հաղթանակի բերկրանքը: Նրանց՝ բոլորի հետ կապված ունենք հիշողություններ և պարտավոր ենք նրանց հիշատակը վառ պահել: Նրանց փոխարեն պետք է ապրենք և արարենք: Շնորհավորում եմ բոլորիս, որովհետև Կրկժանի ազատագրումը մեր հաղթարշավի սկիզբն էր»:
 
Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը ներկայացրել է վարչության շնորհավորական ուղերձը՝ Կրկժանի ազատագրման առթիվ:
Նա իր ելույթում ասել է. «Մեծ է Կրկժանի ազատագրման պատմական նշանակությունը: Ամիսներ շարունակ այդ թաղամասի բարձունքներից թշնամին կրակի տակ էր պահում Ստեփանակերտ քաղաքը՝ կորուստներ պատճառելով մեր հայրենակիցներին: Կրկժանում տեղակայված որջը բազմաթիվ խաղաղ բնակիչների կյանք է խլել, և այն չեզոքացնելու խնդիրը ժամանակի կարևորագույն պահանջն էր: Կրկժանն ազատագրվեց 1992 թվականի հունվարի 20-ին: Դա նոր կազմավորված վաշտերի, ջոկատների ամենամեծ հաջողություններից մեկն էր, որը ձեռք բերվեց միասնական ուժերի և համառ ջանքերի շնորհիվ: Կրկժանի կրակակետերի ոչնչացումով կասեցվել են այդ ուղղությունից Ստեփանակերտ քաղաքի գնդակոծումները: Այսօր Կրկժանի բնակչությունը նոր ուժով ու եռանդով է շենացնում հայրենի բնօրրանը՝ ապավինելով սեփական ուժերին»:
 
 
Մեզ հետ զրույցում Կրկժանի բնակիչ, ազատամարտիկ Սարգիս Գալստյանն ասել է, որ բնակավայրի ազատագրումը Շուշին վերադարձնելու երաշխիքը:«Կրկժանը պատուհաս էր դարձել Ստեփանակերտի համար, և անընդհատ բնակիչները գտնվում էին թիրախի տակ՝ գնդակոծվում էր ինչպես գնդացիրներից, այնպես էլ հրետանիից և այլ տեսակի զենքերից: Այդ հաղաթանակը յուրովի համախմբեց մեզ:Ամեն տարվա հունվարի 20-ին մենք հավաքվում ենք այս վայրում և մեր հարգանքի տուրքը մատուցում մեր անմահ ընկերների հիշատակին»,-ավելացրել է Ս. Գալստյանը:

 

Միջոցառման վերջում, Արցախի ազատամարտիկների միության վարչության որոշման համաձայնշ, Կրկժանի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ և հասարակական կյանքում ունեցած ակտիվ գործունեության համար մի խումբ ազատամարտիկներ պարգևատրվել են թանկարժեք նվերներով:

  • Կիսվել: