շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այսօր խոցվել է 9 ԱԹՍ, որից 2-ը  ՀՀ տարածքում․ Արծրուն Հովհաննիսյանը՝ առաջնագծում տիրող իրավիճակի մասին

Այսօր խոցվել է 9 ԱԹՍ, որից 2-ը ՀՀ տարածքում․ Արծրուն Հովհաննիսյանը՝ առաջնագծում տիրող իրավիճակի մասին

Փաստենք, որ Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը, որն այս անգամ Ֆրանսիական կողմն էր առաջարկել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովահաննիսանը՝ ներկայացնելով իրավիճակ ռազմաճակատում։

«Դեռ վաղ առավոտից նորից մարտական գործողությունները շարունակվեցին նույն ուղղություններով։ Սկզբից հյուսիսային կողմում հերթական անգամ հարձակման փորձ կատարեցին, ջախջախվեցին և հետ շպրտվեցին՝ որևէ նշանակալի հաջողություն չունենալով։ Միևնույն ժամանակ հարավային ուղղությամբ 2 առանձին հատվածներում փորձել են հարձակվողական գործողություններ կատարել։

Մեկ ուղղությամբ հստակորեն ընկնելով հայկական ԶՈւ հրետանու հուժկու կրակի տակ՝ փախուստի են դիմել ՝ կորցնելով զգալի զինտեխնիկա, այդ թվում և մեծաքանակ զինամթերք։ Այլ ուղղությամբ շարունակվել են հարձակվողական մարտերը։ Համառ մարտերի արդյունքում որոշակի տեղաշարժեր ունեն»,- հայտնեց Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցչի հավաստմամբ՝  ընթանում է 5-րդ սերնդի՝ բարձր տեխնոլոգիական պատերազմ, որն առանձնանում է մեծ ուժգնությամբ, բարձր մեծ  կրակային  խտությամբ, և այս պարագայում ստատիկ բնագծերի պահպանման համար առանձին մարտական գործողություններ չեն վարվում։

Նա նաև տեղեկացրեց, որ օրվա ընթացքու Ադրբեջանը նորից կիրառել է հարձակման տարբեր միջոցներ՝ այդ թվում  ԱԹՍ-ներ։

«Այսօր ժամը 20։30-ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից 2-ը  ՀՀ տարածքում»,- տեղեկացրեց նա՝ չցանկանալով տեղայնացնել, թե ավելի ստույգ՝ ՀՀ որ հատվածում են խոցվել ԱԹՍ-ները։

Ամփոփելով իր խոսքը ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ այս պահին ևս մարտական գործողությունները շարունակվում են և ըստ անհրաժեշտության կտրվեն լրացուցիչ տեղեկություններ։

 

 

 

  • Կիսվել: