Աստղագիտությունը պաշտոնապես ոտք է դրել Արցախում. Գիտական կենտրոնում աստղադիտական լաբորատորիա է բացվել
Այսօր հոկտեմբերի 7-ին, Հայաստանի Հանրապետության ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի և ԱՀ ԿԳՄՍ նախարարության գիտական կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որով կողմերը նախատեսում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում համագործակցել՝ իրենց հնարավորությունների, միջոցների և փորձի կիրառմամբ՝ նպատակ հետապնդելով հզորացնել Արցախի գիտական ներուժը:
«Արցախպրես»֊ի թղթակցի հաղորդմամբ՝ հուշագիրը ստորագրեցին Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը և Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանը:
Համագործակցության շրջանակներում Արցախի գիտական կենտրոնում բացվել է աստղադիտական լաբորատորիա, որտեղ կապահովվի աստղագիտության ոլորտում ուսումնական գործընթացի բարձր որակը, այդ թվում, արձագանքելով համաշխարհային միտումներին, կներդրվեն նորարարական մոտեցումներ՝ նպաստելու ուսանողների առաջադիմությանը և մասնագիտական աճին:
Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Բյուրականի աստղադիտարանի տնօրինությանը նման հնարավորություն ընձեռելու համար և համագործակցությունը համարեց արդյունավետ:
«Հուշագրի ստորագրումից հետո մենք կկարողանանք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում իրականացնել մասնագիտական փորձի փոխանակում և գիտական համագործակցություն, ինչպես նաև, միմյանց աջակցություն ցուցաբերելով, ներկայացնել համատեղ դրամաշնորհային ծրագրեր՝ աշխատանքներում ներգրավելով լավագույն երիտասարդ մասնագետներին»,- ասել է Ա. Սարգսյանը:
