երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՍՄՀ նախարարությունը հրապարակել է պետական նպաստների վերաբերյալ ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները

ԱՍՄՀ նախարարությունը հրապարակել է պետական նպաստների վերաբերյալ ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը հրապարակել է պետական նպաստների վերաբերյալ ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները:

ԱՀ ԱՍՄՀ նածարարության տարածած հաղորդագրությունը ներկայացնում են ստորև.
 
«- Ո՞վ ունի ամենամսյա պետական նպաստի իրավունք:
 
- Ամենամսյա պետական նպաստի իրավունք ունի մինչև 2 տարեկան երեխա խնամող անձը, ինչպես նաև առանձին խմբերի հետևյալ երեխաները՝
 
* միայնակ մոր՝ 18 տարին չլրացած երեխան
 
*18 տարին չլրացած՝ հաշմանդամ երեխան
 
* առանց ծնողական խնամքի մնացած՝ 18 տարին չլրացած երեխան
 
*միակողմանի ծնողազուրկ՝ 18 տարին չլրացած երեխան
 
* ալիմենտ ստացող՝ 18 տարին չլրացած երեխան.
 
*ժամկետային զինծառայողի՝ 18 տարին չլրացած երեխան.
 
*1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամի՝ 18 տարին չլրացած երեխան
 
*4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների՝ 18 տարին չլրացած երեխաները
 
*մինչև 18 տարեկան երեք երեխա ունեցող այն ընտանիքի 18 տարին չլրացած երեխաները, որի ընտանիքի ավագ երեխայի 18 տարին լրացել է 2009 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո
 
*ժամկետային զինծառայողի՝ 18 տարին չլրացած երեխան
 
* 01.01.2019թ.-31.12.2021թ.ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխան՝ անկախ ավագ երեխաների տարիքից
 
*01.01.2022թ. հետո ընտանիքում ծնված 3-րդ և հաջորդ երեխաները՝ մինչև 6 տարին լրանալը։
 
Պետական նպաստը նշանակվում և վճարվում է ԱՀ քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց։
 
- Ո՞ւր  պետք է դիմի քաղաքացին ամենամսյա պետական նպաստ նշանակելու համար:
 
-Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգի տվյալները, Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության  աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության տարածքային բաժինները գրավոր ծանուցում են (2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից ժամանակավոր դուրս մնացած համայնքներում հաշվառված անձանց դեպքում՝ Արցախի Հանրապետության համապատասխան շրջանների վարչակազմերի միջոցով) նախորդ ամսվա ընթացքում ծնված երեխաների ծնողներին՝ նպաստ նշանակելու համար դիմելու մասին։
 
Նպաստը նշանակվում է նպաստի իրավունք ունեցող անձին, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում՝ Արցախի Հանրապետությունում հաշվառված ծնողին, որդեգրողին կամ խնամակալին՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության  աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության տարածքային բաժինների կողմից: 14 տարին լրացած անձն իրավունք ունի նպաստ նշանակելու համար դիմել անձամբ:
 
-Որքա՞ն են կազմում ամենամսյա պետական նպաստների չափերը:
 
-Սկսած 2022թ. հունվարի 1-ից՝ մինչև 2 տարեկան երեխա խնամող անձի պետական նպաստի ամենամսյա չափը կազմում է 33 000 դրամ, իսկ առանձին խմբերի երեխաներին՝
 
*միայնակ մոր՝ 18 տարին չլրացած երեխային՝ 14 500 դրամ
 
*18 տարին չլրացած՝ հաշմանդամ երեխային՝ 21 600 դրամ
 
* առանց ծնողական խնամքի մնացած՝ 18 տարին չլրացած երեխային՝ 50 000 դրամ
 
* միակողմանի ծնողազուրկ՝ 18 տարին չլրացած երեխային՝ 25 200 դրամ, իսկ ԱՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողի երեխային 50 000 դրամ
 
* ալիմենտ ստացող՝ 18 տարին չլրացած երեխային՝ 9 500 դրամ
 
* ժամկետային զինծառայողի՝ 18 տարին չլրացած երեխային՝ 10 800 դրամ
 
* 1-ին խմբի հաշմանդամի՝ 18 տարին չլրացած երեխային՝ 18 000 դրամ
 
*2-րդ խմբի հաշմանդամի՝ 18 տարին չլրացած երեխային՝ 10 800 դրամ
 
* 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին՝18 տարին չլրացած երեխային՝ 10 800 դրամ
 
*մինչև 18 տարեկան երեք երեխա ունեցող այն ընտանիքի 18 տարին չլրացած երեխաները, որի ընտանիքի ավագ երեխայի 18 տարին լրացել է 2009 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո՝ 7 500դրամ
 
*01.01.2019թ.-31.12.2021թ.ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխան՝ 4 200 դրամ:
 
*01.01.2022թ. հետո ընտանիքում ծնված 3-րդ և հաջորդ երեխաները՝ մինչև 6 տարին լրանալը՝ 50 000 դրամ»։

  • Կիսվել: