ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարը թողնում է պաշտոնը

Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարը թողնում է պաշտոնը

Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սասուն Բարսեղյանը թողնում է պաշտոնը, այս մասին նա հյատնել է իր գրառման մեջ։

"Հարգելի հայրենակիցներ։

Թողնում եմ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնը։

Որոշումս անձնական է, խնդրում եմ չքաղաքականացնել։

Վարչակազմի աշխատակազմի, մարտական ընկերների, շրջանի բնակիչների, ուժայինների հետ անցանք պատերազմի թոհուբոհով, միասին հաղթահարեցինք հետպատերազմյան դժվարագույն երկամսյակը։

Երախտապարտ եմ…

…Հազարավոր մկրատված կյանքեր, վիրավորներ, խավարված օջախներ, որդեկորույս մայրեր, սեւազգեստ այրիներ, գլխիկոր երեխաներ…

Կորսված մի ողջ սերունդ…

Ինչպիսի՜ սերունդ…

Ներող եղեք, տղերք…

Խոնարհումս ՀԵՐՈՍ նահատակներին։

Պատերազմի վեցերորդ օրը(!) ձեռնամուխ եղանք Ասկերան-Աղդամ, այնուհետեւ Դաշուշեն-Կարմիր գյուղ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԲՆԱԳԾԵՐԻ կառուցմանը։ Շրջանի աշխարհազորը, կամավորականը մասնակցեց մարտական հերթապահությանը, մարտական գործողություններին։

Փայլուն իրականացրինք խաղաղ բնակչության տարհանումը, մթերային ապահովումը, զորահավաքը, աշխարհազորի ձեւավորումը, մարտական հերթապահությունը, մարտական հերթափոխը, շրջանի ենթակառուցվածքների, մասնավորապես, հացի փռերի անխափան, շուրջօրյա աշխատանքը։ Անվճար հաց՝ առաջնագիծ մեկնողներին, բնակչությանը…

Տեղահանվածների կարիքների հոգածութունը վարչակազմի ուշադրության կիզակետում էր, համայնքապետերի հետ կապը՝ շուրջօրյա։

Անշուշտ, ունեցանք նաեւ թերացումներ, հիմնականում մեզնից չկախված հանգամանքներից ելնելով հանդերձ։

Ձեռք եմ բերել բազմաթիվ նոր ընկերներ….

Իսկական ընկերներ…

Աշխատանքում եղել եմ ազնիվ, անկողմնակալ, անշահախնդիր։ Մաքուր եմ ներքին դատավորիս՝ ԽՂՃԻՍ հանդեպ։

…Իսկ լավագույն գնահատողը ժողովուրդն է, շարքային քաղաքացին…

Հաջողություն, բեղմնավոր աշխատանք հաջորդող ղեկավարին։

Հ.Գ. Պետական մտածելակերպը վերադասենք անձնականից։

Լինենք ՄԻԱՍՆԱԿԱՆ, հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ"։

  • Կիսվել: