ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Աշոտ Ղուլյանն անդրադարձել է քաղաքական այլ ուժերի հետ հնարավոր համագործակցությանը

Աշոտ Ղուլյանն անդրադարձել է քաղաքական այլ ուժերի հետ հնարավոր համագործակցությանը

Նախօրեին ԱՀ Ազգային ժողովի նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանը հայտարարել է նոր՝ յոթերորդ գումարման Խորհրդարանի պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով մանդատից հրաժարվելու փաստին, Աշոտ Ղուլյանն ասել է, որ որոշումը կայացվել է ավելի վաղ, և դեռևս իր նախընտրական հանդիպումների ժամանակ հայտարարել էր, որ, ամենայն հավանականությամբ, նոր գումարման Խորհրդարանում ինքը չի գործելու:

«Դա կապված է այն գլխավոր մոտեցման հետ, որ խորհրդարանական գործունեության ընթացքում սերնդափոխությունը ամեն ձևավորվող նոր խորհրդարանում պետք է լինի: Սերնդափոխությունը միայն տարիքային չափորոշիչ չի ենթադրում: Այն նաև որոշակի փորձառություն է ենթադրում»,- նշել է գործող Խորհրդարանի ղեկավարը:
 
Անդրադառնալով իր ԱՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու մասին լուրերին՝ Ա. Ղուլյանը բնական է համարել հասարակության մեջ առկա հետաքրքրությունն առաջիկայում ձևավորվելիք կառավարության կազմի հետ կապված:
 
Ա. Ղուլյանը ենթադրում է, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու մասին լուրերը ավելի շատ կապված են նախկինում գործադիր իշխանությունում իր այդ զբաղեցրած պաշտոնի հետ:
 
«Մենք հանդիպել ենք հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ և պայմանավորվել համագործակցության շարունակման հարցերին անդրադառնալ մայիսի 21-ից հետո, երբ ԱՀ նախագահի  պաշտոնը կստանձնի: Ինչ վերաբերում է իմ ղեկավարած քաղաքական ուժի Խորհրդարանում առկա այլ քաղաքական ուժերի հետ հետագա հնարավոր համագործակցությանը, նշեմ, որ առայժմ մենք հանդիպում և քննարկումներ ենք անցկացնում բոլոր քաղաքական ուժերի հետ: Իհարկե, համագործակցության օրակարգը մեզ համար ամբողջությամբ բաց է: Մենք համագործակցելու ենք բոլոր այն ուժերի հետ, ում ծրագրերը և առաջարկած գաղափարները կարող ենք համատեղ կյանքի կոչել»,- ավելացրել է Ա. Ղուլյանը:
 

  • Կիսվել: