կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Աշխատանքով, նվիրումով ու պայքարով պիտի վերահաստատենք հայրենի հողում ապրելու մեր իրավունքը․ գյուղաբնակ ուսուցչուհի

Աշխատանքով, նվիրումով ու պայքարով պիտի վերահաստատենք հայրենի հողում ապրելու մեր իրավունքը․ գյուղաբնակ ուսուցչուհի

Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Սվետլանա Լալայանը արդեն 50 տարի իրեն նվիրել է սերունդներ է կրթելու գործին՝ հանրահաշիվ ու երկրաչափություն դասվանդելով գյուղի կրթօջախում։

 «Արցախպրես»-ի հետ զրույցում Սվետլանա Լալայանը անկեղծացել է, որ չնայած շրջափակման խնդիրներն անտեսելով դպրոց հաճախող աշակերտների ոգևորությունը նաև իրենց է փոխանցվել։

«Կարծում էի, որ շրջափակումը կազդի երեխաների տրամադրվածության վրա, բայց սեպտեմբերի 1-ին տեսնելով նրանց ուրախությունը, ոգևորվածությունը՝ ճիշտ հակառակը համոզեց: Երևում էր, որ աշակերտները կարոտել են դպրոցը: Նույնիսկ անձրևային եղանակներին դպրոցում բացականեր չեն լինում: Երեխաները թրջված են դպրոց հասնում, անձրևանոց չունեն»,- պատմել է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ուսուցիչներն էլ դասարան մտնելով դրսում են թողնում բոլոր այն բացասական հույզերը, որ առօրյա դժվարությունների հետևանք են։

Խոսելով ուսումնական գործընթացի վրա պարենամթերքի սղության ազդեցության մասին նա նշում է, որ աշակերտների աչքերին նայելով, կռահում է՝ նախաճաշել են, թե ոչ։ Համագյուղացին օգնում են միմյանց, ով ինչով կարող է։ Անդրադառնալով շրջափակման հետևանքով առաջացած խնդիրներին ու հոգսերին, նա ընդգծել է, որ դժվարություններին դիմակայում են աշխատանքով։

«Դասերից հետո զբաղվում եմ փոքրիկ բանջարանոցի մշակմամբ, որպեսզի ձմռան համար պաշար տնտեսենք։ Չնայած աղ ու շաքարավազ չկա, սակայն մեր իմացած մեթոդներով պահածոյացնում ենք մրգերն ու բանջարեղենը։ Այս տարի այգու բերքն էլ է սակավ, ուստի եթե անտառից գտնում ենք՝ բերում ենք պահածոյի համար: Քանի որ տրանսպորտային վառելիք չկա, այլ բնակավայրերից միրգ-բանջարեղեն չեն կարողանում բերել, ստիպված եղածից ենք տնտեսում, որ ձմեռը գոյատևենք»,- ներկայացրել է տիկին Սվետլանան: Այդուհանդերձ նա հաստատակամ է հայրենի հողում ապրելու ու պայքարը շարունակելու որոշման մեջ։

  • Կիսվել: