ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է «Մարդկային եղբայրության դերը սոցիալական արդարության ամրապնդման գործում» պանելային քննարկմանը

ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է «Մարդկային եղբայրության դերը սոցիալական արդարության ամրապնդման գործում» պանելային քննարկմանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 20-ին հանդես է եկել որպես բանախոս «Մարդկային եղբայրության դերը սոցիալական արդարության ամրապնդման գործում» թեմայով պանելային քննարկման ընթացքում։ Քննարկումը կազմակերպվել էր «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» խորագրով անցկացվող երրորդ միջազգային համաժողովի շրջանակում։

Համաժողովին բացման խոսքով են հանդես եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Աշխատանքի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսը: Հիմնական ելույթ է ունեցել  Արաբական Միացյալ Էմիրությունների մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար դոկտոր Խալիդ Ալ-Ղայթը:

Դավոսի ձևաչափով անցկացված քննարկման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է իր տեսլականը՝ մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում համերաշխության, հանդուրժողականության և ներառականության գաղափարների խթանման անհրաժեշտության վերաբերյալ։

Անահիտ Մանասյանը նշել է, որ սոցիալական արդարության գաղափարն ընկած է մարդու իրավունքների համակարգի հիմքում․

«Անհնար է պատկերացնել մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ՝ առանց համերաշխության, ներառականության և սոցիալական արդարության գաղափարների»։

Պաշտպանը կարևորել է այնպիսի խնդիրների բարձրաձայնումը, որոնք երկար ժամանակ անտեսված են եղել կամ դրանց առնչությամբ ընկալումներն են ձևախեղված եղել.

«Կան հարցեր, որոնց շուրջ հանրային քննարկումներ քիչ ենք ունենում։ Օրինակ՝  տարբեր երկրներում բազմաթիվ երեխաներ դուրս են մնում պարտադիր կրթությունից, քանի որ ստիպված մասնակցում են գյուղատնտեսական աշխատանքներին իրենց ծնողներին օգնելու նպատակով։ Շատ հաճախ դա դիտարկվում է որպես բնական և ընդունելի երևույթ։ Սակայն սա երեխայի իրավունքների տեսանկյունից լրջագույն խնդիր է»։

Անահիտ Մանասյանը նաև հատուկ անդրադարձ է կատարել աղջիկների վաղ ամուսնությունների խնդրին․

«Վաղ ամուսնությունները լայն տարածում ունեն որոշ համայնքներում, ինչի հետևանքով աղջիկները ոչ միայն դուրս են մնում կրթությունից, այլև զրկվում են իրենց զարգացման և ինքնադրսևորման որևէ հնարավորությունից։ Անհրաժեշտ է ոչ միայն բարձրաձայնել այս խնդիրները, այլ նաև ձեռնարկել համակարգային քայլեր՝ իրավիճակի շտկման ուղղությամբ։ Մենք պետք է հասնենք նրան, որպեսզի ձևավորվի այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իրապես կզգա, որ ինքը պաշտպանված է»,- եզրափակելով  խոսքը` նշել  Պաշտպանը:

Քննարկմանը բանախոսությամբ հանդես են եկել նաև Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեն, Սլովակիայի Հանրապետության վարչապետ (2010-2012 թթ.), Մադրիդի ակումբի անդամ Իվետա Ռադիչովան և Հնդկաստանի ինքնազբաղված կանանց ասոցիացիայի տնօրեն Ռիմա Նանավատին։

  • Կիսվել: