ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբին է ներկայացվել Ադրբեջան-Թուրքիա կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը հունիսի 20-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերի այցը Հայաստան՝ Արման Եղոյանը նշել է, որ Լեհաստանը՝ որպես ԵՄ անդամ պետություն, կարևոր գործընկեր է Հայաստանի համար:
Խոսելով Եվրամիությունում Լեհաստանի նախագահությունից՝ հանձնաժողովի նախագահն ընդգծել է. «Կարծում եմ՝ Լեհաստանը շատ կարևոր աշխատանք է կատարել անցնող վեց ամիսների ընթացքում՝ հատկապես Եվրամիության ընդլայնման քաղաքականությանը վերաբերող հարցերում»: Արման Եղոյանը նաև արժևորել է միջազգային հարթակներում Լեհաստանի գործընկերների հետ գործակցությունը:
Հայ խորհրդարանականներն անդրադարձել են ՀՀ կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ դրա իրագործման հարցում կարևոր համարելով նաև Լեհաստանի դերակատարությունը:
Սոնա Ղազարյանը խոսել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներից:
Հյուրերը ողջունել են Հայաստանի՝ եվրոպական ընտանիքին ինտեգրվելու ձգտումները, այդ գործընթացում մեր երկրին աջակցելու և իրենց փորձը ներկայացնելու պատրաստակամություն են հայտնել: