ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որդիների նվիրատվությունը՝ Արցախին (լուսանկարներ)
Արցախում հեռավար ուսուցման կազմակերպումը դյուրացնելու և խթանելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամն ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությանն է տրամադրել 13 պլանշետ և 4 համակարգիչ: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի որդիներ Հայկ և Վարդան Սարգսյանների նվիրատվության շնորհիվ։

«Դասապրոցեսը, իհարկե, ընթանում է, մենք էլ մեր հերթին հետևում ենք, որպեսզի ուսումնական գործընթացը չխաթարվի, սակայն հեռավար ուսուցումը լիարժեք կազմակերպելու համար անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր աշակերտ ունենա այդ հնարավորությունը, իսկ գյուղում բոլոր ընտանիքներում չէ, որ նման հնարավորություն կա»,- նշել է Հ. Մինասյանը: Նվիրատվության համար նա շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահի որդիներին՝ աջակցելու և ուսումնական գործընթացը այդ կերպ փոքր-ինչ դյուրացնելու համար:
Ծրագրի շահառու Մարտա Հայրիյանը մեզ հետ զրույցում պատմել է, որ ընտանիքում կա 4 երեխա: Զավակներից ավագը սովորում է Շուշիի «Եզնիկ Մոզյան արհեստագործական կրթահամալիր»-ում, իսկ 3-ը հաճախում են Հարավի միջնակարգ դպրոց: Երեխաների մայրը նշում է, որ այս պայմաններում շատ դժվար է հեռավար ուսուցում կազմակերպելը, քանի որ միայն մայրիկի ունեցած հեռախոսով բոլոր երեխաները չեն հասցնում մասնակցել դասապրոցեսին:
