ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախյան ընտրություններում «Ազատ Հայրենիք» կուսակցությունն է միայն, որ արտացոլում է հասարակության բոլոր խավերի կարծիքը․ սոցիոլոգ

Արցախյան ընտրություններում «Ազատ Հայրենիք» կուսակցությունն է միայն, որ արտացոլում է հասարակության բոլոր խավերի կարծիքը․ սոցիոլոգ

Արցախյան ընտրություններում «Ազատ Հայրենիք» կուսակցությունն է միայն, որ արտացոլում է հասարակության բոլոր խավերի կարծիքը։ Նման կարծիք այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբելյանը՝ անդրադառնալով Արցախում մարտի 31-ին կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրություններին:

«Արցախում, երբ նայում ենք թեկնածուների ընտրազանգվածին, ամենաժողովրդավարական կառուցվածքն ունի «Ազատ հայրենիք» կուսակցությունը՝ այնտեղ ներկայացված են սեռական, կրթական, տարիքային առումով բոլոր խավերի ներկայացուցիչներ: Վիկտոր Բալասանյանի մոտ, օրինակ, երիտասարդներն են շատ, բայց տոկոսային ծավալը «Ազատ հայրենիքից» պակաս է»,-նշեց բանախոսը:

Ինչ վերաբերում է պաշտպանական հարցերին՝ այս դեպքում ևս, Ադիբեկյանի դիտարկմամբ, ընտրողների կարծիքները բավականին դրական են «Ազատ Հայրենիքի նկատմամբ»:

«Որպես լրացուցիչ գործոն՝ փորձել ենք պարզել Բակո Սահակյանի գործունեության գնահատականը: Հարցին՝ կցաանկանա՞ք, որ Բակո Սահակյանը շարունակի լինել նախագահ, 60 տոկոսը դեմ չի եղել, 40-ը դեմ է արտահայտվել: Այս առումով նախկին իշխանության նկատմամբ չկա դժգոհություն, ՀՀ-ից բարենպաստ է սոցիալական վիճակը։ Իսկ սա նշանակում է, որ Արցախում «թավշյա հեղափոխության» լուրջ գործոններ չկան»,- պարզաբանեց Ահարոն Ադիբեկյանը:

Նա նշեց նաև, որ Արցախը բավականին հանդարտ է մոտենում իր լուրջ քաղաքական որոշումներին, և հույս հայտնեց, որ մարտի 31-ին արցախցիները ճիշտ ընտրություն կկատարեն:

Նա նաև հավանական համարեց, որ ընտրությունները կկայանան նախանշված ժամկետներում ՝ անկախ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից։ Խոսելով այն մասին, թե ինչպես են անցկացրել հարցումը՝ Ադիբեկյանն ասաց.

«Մոտ 2000 մարդու շրջանում ենք հարցում արել, մոտ 400-ը հրաժարվել են պատասխանել հարցերին, մոտ 200 սխալ են լրացրել հարցաթերթիկները, ընդհանուր 1400 հոգու կարծիք ենք մշակել, որոնց սեռային, տարիքային, կրթական կառուցվածքը բնակչության ազգագրական կառուցվածքին համապատասխանում է»:

Ադիբեկյանն ընտրողներին հորդորեց չվախենալ գալ ընտրատեղամաս և գալ պատրաստված։

  • Կիսվել: