ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախը կորցրել է զբոսաշրջավայրերի շուրջ 80 տոկոսը

Արցախը կորցրել է զբոսաշրջավայրերի շուրջ 80 տոկոսը

Նախորդ շաբաթ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի գլխավոր քարտուղար Մարի Գրիգորյանը և Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը Արցախում էին «Զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ տնօրեն Սերգեյ Շահվերդյանի նախաձեռնությամբ՝ գործընկերների հետ քննարկելու Արցախում պատերազմի հետևանքով զգալիորեն տուժած զբոսաշրջության ոլորտին առնչվող հարցեր:

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանի հետ հանդիպման ընթացքում քննարկված հիմնական դրույթները.

  • Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ իրականացված ռազմական լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով մեր երկիրը կորցրել է զբոսաշրջավայրերի շուրջ 80 տոկոսը: Այժմ Արցախի Հանրապետությունը կանգնած է զբոսաշրջային նոր արդյունքի ստեղծման ու քայլուղիների մշակման խնդրի առջև:
  • Նախարարի խոսքով, ԱՀ ներքին գործերի նախարարության կողմից արդեն կազմվել է Արցախում անվտանգ զբոսաշրջավայրերի ցանկ, որտեղ տուրիստները կարող են իրենց լիարժեք անվտանգ զգալ: Դեպի այդ տարածքներ նախնական փուլում իրականացվում են ճանաչողական այցեր, ինչից հետո նախատեսվում են դրանց բարեկարգման, տեղերում ճանապարհային և տեղեկատվական ցուցանակների տեղադրման ու հանրահռչակման աշխատանքներ:
  • Կարևորելով Արցախում ոլորտի վերակենդանացման անհրաժեշտությունը՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համագործակցության շրջանակը:
  • Ողջունելով հնչեցված առաջարկությունները՝ նախարարը շեշտել է, որ զբոսաշրջության զարգացումը առանցքային դեր է խաղում Արցախի ճանաչելիության ու տնտեսության զարգացման հարցերում, և ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում:

  • Կիսվել: