երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի․ Նախարար

Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի․ Նախարար

Արցախը երբեք Ադրբեջանի կազմում  չի լինի: Թող դա բոլորն իմանան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

«Դա մեզ համար անընդունելի է։ Ի՞նչ կարող է անել աշխարհը: Ասել՝ միացե՛ք Ադրբեջանի՞ն։ Մենք չենք միանալու, եւ ադրբեջանցիներն ի՞նչ կարող են անել. ջա՞րդ կազմակերպել։ Իհարկե՝ ոչ. Իսկ ոտնձգությունները, ահաբեկչությունը մեզ չեն վախեցնում»,- ասաց նախարարը։

Հարցին՝ արդյո՞ք հայկական կողմը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Բաբայանը նշեց, որ «ՀՀ-ն երբեք պաշտոնապես չի ճանաչել Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Դա՝ առաջին։ Երկրորդ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ Արցախը չկա»։

ԱԺ-ում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախարարը նշեց, որ «ուշ թե շուտ ամեն ինչ պարզ կդառնա: Իհարկե, ցանկացած պատերազմ վերլուծության կարիք ունի, բայց՝ ճիշտ, մասնագիտական վերլուծության, ոչ թե շահարկումների։ Մենք նման մոտեցման կողմնակից ենք, եւ կարծում ենք, որ հանձնաժողովն այդ կերպ կմոտենա հարցին»։

«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը միշտ եղել է մեր բոլորի վերջնական նպատակը։ Դրանով պետք է վերջնականապես լուծվի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը։ Այլ հարց է, որ Ադրբեջանն այլ պատկերացում ունի. ուզում է, որ հայերը հեռանան Արցախից։ Եվ  դա չի թաքցնում։ Ուստի պետք է աշխատել խաղաղության համաձայնագրի վրա, բայց ես հավատում եմ, որ Ադրբեջանը կփորձի տորպեդահարել հայկական կողմի այս բարի նախաձեռնությունը»,- ասաց նախարարը։

«Մենք միշտ ասել ենք, որ պաշտոնական Ստեփանակերտը կարծում է, որ հակամարտությունը կարող է լուծվել միայն հասարակությունների հաշտեցման դեպքում։ Ադրբեջանական հասարակությունը, ցավոք, պատրաստ չէ: Այստեղ խնդիրը ժողովուրդը չէ։ Չկան վատ ու լավ ազգեր. կան լավ եւ վատ ղեկավարներ։ Ի դեմս Ադրբեջանի՝ մենք ունենք մի պետություն, որը նացիզմը պետական ​​քաղաքականություն է դարձրել»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

 

  • Կիսվել: