չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախում ընտրություններից առաջ անհանդուրժողականության մթնոլորտ կա. Արցախի ՄԻՊ

Արցախում ընտրություններից առաջ անհանդուրժողականության մթնոլորտ կա. Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը համաձայն չէ Հայաստանից հնչող այն հայտարարությունների հետ, որ Արցախում ատելության ֆոնը ընտրություններից առաջ շատ բարձր է:

«Չէի ասի, թե Արցախում իրավիճակը շատ լարված է: Բայց կարող եմ ասել, որ նախընտրական շրջանի որոշ փուլերում և մինչև հիմա լարվածության որոշակի դրսևորումներ առկա են: Անհանդուրժողականության մթնոլորտ կա, որը ավելի շատ նախընտրական տրամադրություններով է պայմանավորված», -InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտակ Բեգլարյանը:

Այդուհանդերձ, Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հույս ունի, որ շուտով լարվածությունը կթոթափվի, և նախընտրական քարոզարաշվն արդեն կիրականացվի փոխադարձ հարգանքի հիման վրա:

«Իմ լիազորությունների սահմաններում առավելագույնը կանեմ, որ մթնոլորտը հնարավորինս հանդուրժողական ու փոխհարգանքի վրա հիմնված լինի: Ամեն դեպքում, նաև հասկանում եմ, որ նախընտրական քաղաքական ուժեղ մրցակցություն կա, որի ֆոնին երբեմն կարող են որոշակի կրքեր բորբոքվել: Ինձ համար կարևորն այն է, որ կարմիր գիծը չանցնեն և կողքից ջուր պղտորողներ չլինեն: Կամ թեկնածուներն ու կուսակցությունները հնարավորինս անեն, որ կողքից ջուր պղտորողներ ու խանգարողներ չլինեն», - նկատեց Բեգլարյանը:

Նա ասաց, որ այս հարցում իր լիազորությունները խիստ սահմանափակ են և եթե նկատի, որ լարվածությունը խորանում է, ապա կփորձի հայտարարություններով զսպել կողմերին, անհատական հանդիպումներ ունենալ թեկնածուների հետ:

Հարցին, թե ովքե՞ր են անհանդուրժողականության մթնոլորտի հեղինակները, ո՞ր ճամբարից են գալիս այդ քամիները, Բեգլարյանը պատասխանեց.

«Ես չեմ կարող գնահատական տալ, թե ինչ ճամբարներից կարող է դա գալ, հաստատ՝ ոչ մեկ ճամբարից: Ինձ համար տարանջատելու միակ չափորոշիչը պաշտոնականն է, թե ինչ թեկնածուներ, կուսակցություններ ու դաշինքներ են գրանցված: Միայն այս հիմքով կարող եմ տարանջատել: Բայց ակնհայտ է, որ մի կողմից չէ ու տարբեր խմբեր կուսակցություններ, թեկնածուների քաղաքական թիմեր առիթից առիթ երբեմն ընգրկված են լինում անհանդուրժողական որոշ գործողություններում: Դա հրապարակային հիմնականում արտահայտվում է սոցցանցերում»:

  • Կիսվել: