Փողոցը իր թեկնածուին արդեն ընտրել է. քաղաքական կոնսոլիդացիան կայացել է. գնդակը Կաթողիկոսի դաշտում է․ Էդմոն Մարուքյան
Փողոցը իր թեկնածուին արդեն ընտրել է. քաղաքական կոնսոլիդացիան կայացել է. գնդակը Կաթողիկոսի դաշտում է։ Այս մասին գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Այն մասին, թե ինչի ականատեսը դարձանք այսօր, և ինչը, ցավոք, չտեսանք, բայց դեռ ուշ չէ…
Առավոտյան ԱԱԾ-ի և ոստիկանության հատուկ նշանակության խմբերը գնացել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Միքայել Սրբազանին բերման ենթարկելու նպատակով։
Ժողովուրդը դա թույլ չտվեց և որոշեց, որ Միքայել Սրբազանը կարող է լինել ազգային համերաշխության թեկնածու՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում։
Ես հայտարարեցի, որ պատրաստ եմ հրաժարվել իմ թեկնածությունը առաջադրելուց վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացում, իսկ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը՝ նրա համաձայնության դեպքում։
Տեղի ունեցավ աննախադեպ կոնսոլիդացիա․ այն, ինչ որոշվել էր փողոցում, մենք քաղաքական դաշտում վերածեցինք իրականության։
Խորհրդարանական բոլոր ընդդիմադիր ուժերը համաձայնեցին, որ Միքայել Սրբազանը կարող է լինել վարչապետի թեկնածու իմպիչմենտի գործընթացում։
Բայց կար մի «բայց»։
Այդ գործընթացի մեկնարկի համար Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն պետք է իր համաձայնությունը տար։ Եվ քանի որ դա տեղի չունեցավ, իսկ ամենայն հավանականությամբ եղավ հակառակը՝ գործընթացը առկախվեց։
Հիմա կամ Կաթողիկոսը տալիս է իր համաձայնությունը և չի խոչընդոտում ազգային համերաշխության իմպիչմենտի գործընթացին, կամ չի տալիս՝ փակելով ազգային համերաշխության ու քաղաքական կոնսոլիդացիայի դուռը, ու շարունակվում է այս գահավիժումը։
Փողոցը իր թեկնածուին արդեն ընտրել է։ Քաղաքական կոնսոլիդացիան կայացել է։
Գնդակը Կաթողիկոսի դաշտում է…»,-գրել է նա։