երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արցախում և ՀՀ-ում սննդամթերքի էական թանկացումներ չեն սպասվում, պարենի ներկրման խնդիրներ չկան՝ պետք չէ խուճապի մատնվել. ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար

Արցախում և ՀՀ-ում սննդամթերքի էական թանկացումներ չեն սպասվում, պարենի ներկրման խնդիրներ չկան՝ պետք չէ խուճապի մատնվել. ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար

Հայաստանի Հանրապետությունում ունենք պարենի(շաքարավազ, ձեթ, ալյուր) բավարար պաշար, որը անհրաժեշտ ժամանակահատվածում կբերվի Արցախ, և պետք չէ խուճապի մատնվել: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անդրեյ Գասպարյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

«ԱՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` մի շարք գերատեսչությունների հետ միասին, կատարել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ թե Հայաստանի Հանրապետությունում, թե Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների ոչ մի խնդիր չկա: Խուճապային տրամադրությունների արդյունքում այս օրերին նկատվեց առաջին անհրաժեշտության ապրանքներից շաքարավազի պակաս, որը մեծապես կապված է բնակչության կողմից սովորականից շատ գնումներ կատարելու հետ: Այժմ անհրաժեշտ պաշարը կրկին լրացվում է, և ուզում եմ հավաստիացնել, որ սննդամթերքի ներկրման հետ կապված որևիցե խնդիր չկա. կան բավարար պաշարներ, և մոտակա ժամանակահատվածում մեծ թանկացումներ չեն սպասվում»,-ասել է Ա. Գասպարյանը:

Նա կրկին կոչ է արել բնակչությանը խուճապի չմատնվել, քանի որ իրադրությունը վերահսկվում է պատկան մարմինների կողմից:

«ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` մյուս շահագրգիռ գերատեսչությունների հետ միասին, կայացրել է որոշում, ըստ որի` վաղվանից շուկայում կատարելու ենք ուսումանասիրություններ՝ հակամրցակցային ոլորտում և չարաշահումների վերաբերյալ: Այս իրադրությունը չարաշահած տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կկիրառվեն համապատասխան միջոցներ»,-նշել է Ա. Գասպարյանը:

Պաշտոնյայի խոսքով` մի շարք ապրանքների գների բարձրացումը կապված է ռուբլու և դոլլարի փոխարժեքի, ինչպես նաև՝ հումքի հետ, որը ներկրվում է դրսից, իսկ տեղական շուկայում սպառվող ապրանքների թանկացումներ չեն սպասվում:

  • Կիսվել: