ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում շրջակա միջավայրի վրա փոքր հէկ-երի ազդեցությունը ուսումնասիրող հանձնաժողովի արձանագրությունը

Արցախում շրջակա միջավայրի վրա փոքր հէկ-երի ազդեցությունը ուսումնասիրող հանձնաժողովի արձանագրությունը

Արցախի Հանրապետության կառավարությունը, հաշվի առնելով փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ շահագործման հետ կապված հանրության շրջանում ծագած մտահոգությունները, 2020թ. փետրվարի 4-ին ձեւավորել էր մասնագիտական հանձնաժողով, որն իր մեկ ամսվա աշխատանքն ամփոփել էր համապատասխան արձանագրության մեջ:

Հանձնաժողովի արձանագրության մեջ տեղ գտած համապարփակ առաջարկությունները կյանքի կոչելու համար մարտի 17-ին ստեղծվել էր աշխատանքային խումբ, որի աշխատանքները, համավարակի հետ կապված, ժամանակավորապես կասեցվել էր:

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 23-ին խորհրդակցություն է հրավիրել աշխատանքային խմբի անդամների հետ, որի ընթացքում նախանշվել են աշխատանքները կատարելու հիմնական ուղղությունները եւ ժամկետները: Հաշվի առնելով հարցի կարեւորությունը եւ թափանցիկությունն ապահովելու նկատառումները՝ Գ. Մարտիրոսյանը հանձնարարել է հրապարակել շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությունը եւ, այն որակելով որպես ուղեցույց աշխատանքային խմբի համար, եւս մեկ անգամ վերահաստատել Արցախի Հանրապետության կառավարության հաստատակամությունը՝ կյանքի կոչել արձանագրության մեջ ներառված առաջարկությունները, վերացնել թերություններն ու խախտումները, ապահովել բնապահպանական օրենսդրության պահանջների անշեղ կատարումը:

Գ. Մարտիրոսյանը մասնավորապես շեշտել է հանձնաժողովի արձանագրության մեջ ներառված հետեւյալ առաջարկությունների պարտադիր կատարման անհրաժեշտությունը.

1. Հաշվի առնելով, որ վերջին 40 տարվա ընթացքում Արցախի Հանրապետության գետերում գետային հոսքը նվազել է մինչեւ 10%-ով, անհրաժեշտ է 3 ամսվա ընթացքում գործող եւ կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների թույլտվություններում վերանայել հիդրոլոգիական տվյալները, ինչպես նաեւ նոր կառուցվող հիդրոէլեկտրակայանների դեպքում ջրօգտագործման թույլտվությունները եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննությունները.

2. Գետերում էկոլոգիական հոսքը պահպանելու համար 6 ամսվա ընթացքում փոքր հիդրոէլեկտրակայանների ջրընդունիչի պատվարի ձկնանցուղու վրա տեղադրել տեսախցիկ եւ օնլայն մակարդակաչափ՝ գծանշելով էկոլոգիական հոսքի մակարդակը.

3. Իրականացնել նախապատրաստական աշխատանքներ՝ 2020թ. 3-րդ կամ 4-րդ եռամսյակից Արցախի Հանրապետության ջրաօդերեւութաբանական ցանցի վերականգնման գործընթացը սկսելու համար.

4. 2020թ. մայիս-հունիս ամիսներին կազմել կառավարման պլանների բովանդակությունը եւ ներկայացնել ԱՀ կառավարության հաստատմանը.

5. Իրականացնել նախապատրաստական աշխատանքներ՝ 2020թ. 4-րդ եռամսյակից Արցախի Հանրապետության գետերի ջրավազանային կառավարման պլանների մշակման գործընթացը սկսելու համար:

Ինչ վերաբերում է շինարարությունը վերսկսված նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին, ապա, պետական նախարարի խոսքով, դրանց շինարարությանը զուգընթաց պետք է ընթանա հնարավորինս սեղմ ժամկետում ջրօգտագործման թույլտվությունները եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննությունները վերանայելու գործընթացը, իսկ բուն շինարարությունը պետք է ընթանա այն կոնստրուկտիվ հատվածներում, որոնք նշված թույլտվությունները եւ փորձաքննությունները վերանայելու արդյունքում փոփոխության չեն ենթարկվի:

  • Կիսվել: