հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախում շարունակվում են կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները

Արցախում շարունակվում են կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները

Արցախի Հանրապետության Ասկերանի և Հադրութի շրջաններում շարունակվում են կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ասկերանի շրջանի համայնքներում ախտահանում իրականացնելու նպատակով ձեռք բերված քլորակիրը և Արցախի առողջապահության նախարարության կողմից տրամադրված ալկոգելը բաժանվել է տեղական ինքնակառավարման մարմիններին: Ախտահանիչ նյութերի օգտագործումը ճիշտ կազմակերպելու համար շրջանի համաճարակաբանության և հիգիենայի բաժնի կողմից համայնքների ղեկավարներին տրվել է մեթոդական ուղեցույց:

«Խաչենշին» ՓԲԸ աշխատակիցները համաճարակաբանության և հիգիենայի բաժնի ախտահանողների հետ համատեղ՝ այսօր Ասկերան քաղաքի կենտրոնական պուրակում, խաղահրապարակներում և ընտրատեղամասում կատարել են ախտահանման աշխատանքներ: Շաբաթվա ընթացքում ախտահանման աշխատանքներ են կատարվել նաև շրջանի համայնքներում, հիմնարկ-ձեռնարկություններում, սննդի օբյեկտներում և արտադրամասերում:

Հադրութի շրջանում նոր տիպի կորոնավիրուսիային վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակում առավել ակտիվ են կամավորական աշխատանքները։

Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը միացել է ««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն» ՀԿ նախաձեռնած «Առողջ Արցախ» ծրագրին, որի շրջանակներում պատրաստվում են պաշտպանիչ դիմակներ։

Կամավորական ուժերով առ այս պահը պատրաստվել է թվով 700 դիմակ, որը, ըստ անհրաժեշտության, տրամադրվել է շրջանի հիմնարկ-ձեռնարկություններին, բազմազավակ և սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված ընտանիքներին:

«Առողջ Արցախ» ծրագրի նախաձեռնողները տրամադրում են անհրաժեշտ նյութեր (կտոր, ռեզին, թել)՝ պաշտպանիչ դիմակներ պատրաստելու աշխատանքների շարունակականությունն ապահովելու նպատակով։

  • Կիսվել: