հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախում մարտին կմեկնարկի գարնանացանը. կգործեն աջակցության ծրագրեր

Արցախում մարտին կմեկնարկի գարնանացանը. կգործեն աջակցության ծրագրեր

Արցախի Հանրապետության տարածքում, կախված գոտիական առանձնահատկություններից և թե ինչ մշակաբույսեր են ցանվելու, գարնանացան մշակաբույսերի ցանքսը կսկսվի մարտ ամսվա վերջին և կշարունակվի մինչև մայիսի վերջ:

 Այս մասին Արցախպրես-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ գարնանացանի համար նախատեսված է մինչև 5000 հա. ցանքաշրջանառություն՝ նախորդ տարվա 5057 հա-ի փոխարեն:
«Նախքան ցանքսը սկսելը, սկսվել են հողային աշխատանքներ: Կան հողօգտագործողներ, ովքեր հողային աշխատանքներն իրականացնում են ուշ աշնանը, կա՛մ նախորդ տարվա ձմռան սկզբին, կա՛մ ձմռան ընթացքում՝ մինչ ցանքսի աշխատանքների մեկնարկը: Այս պահի դրությամբ հանրապետության տարածքում եղանակային պայմանները բարենպաստ են, և հնարավոր է իրականացնել կարտոֆիլի տունկ, կտավատի, գարու, ցորենի, հաճարի ցանքս»,-ներկայացրել է Վ. Ավետիսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի տեղեկացմամբ, ըստ ծրագրի, նախատեսվում է սերմի գնի մասնակի սուբսիդավորում տրամադրել եգիպտացորենի, հնդկացորենի, կտավատի, արևածաղկի համար, ինչպես նաև՝ բազմամյա կերային խոտաբույսերի` կորնգանի և առվույտի սերմերի համար: Կորնգանը և առվույտը նախատեսվում է անհատույց տրամադրել արժեքի 100% սուբսիդավորմամբ, իսկ մնացած մշակաբույսերի սերմերը կտրամադրվեն արժեքի մինչ 80% սուբսիդավորմամբ:

«Այն մշակաբույսերի համար, որոնք ցանվում են նաև մեր տարածաշրջանում (ոսպ, ոլոռ, սիսեռ), նախատեսվում է շուկայականից բարձր գին սահմանել մթերման ժամանակահատվածում: ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի պահեստներ մթերելու դեպքում` 1 կգ դիմաց մենք տրամադրելու ենք շուրջ 30 դրամ լրավճար:

Այս ամենը դեռ որոշման նախագիծ է, սպասում ենք ԱՀ Կառավարության հաստատմանը: Մինչև ապրիլի 1-ը նախատեսված է հայտերի ընդունման ժամանակահատված, որի ընթացքում շրջաններից կներկայացվեն անվանական ցանկեր, որից հետո և որի համաձայն, պահեստից հողօգտագործողները կարող են ստանալ սերմ՝ համապատասխան վճարում կատարելու դեպքում: Գործընթացի պատշաճ իրականացման համար ոչ մի խնդիր այս պահի դրությամբ չկա, սպասում ենք արտերկրից սերմերի ներկրմանը»,-ընդհանրացրել է Վ. Ավետիսյանը:

  • Կիսվել: