շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախում լայն թափով ընթանում է բազմաֆունկցիոնալ շինարարություն` բնակարանաշինական, քաղաքաշինական և անվտանգային կոմպոնենտներով. ԱՀ քաղաքաշինության նախարար

Արցախում լայն թափով ընթանում է բազմաֆունկցիոնալ շինարարություն` բնակարանաշինական, քաղաքաշինական և անվտանգային կոմպոնենտներով. ԱՀ քաղաքաշինության նախարար

Պատերազմից հետո Արցախը վերածվել է մեծ շինհրապարակի, ամենուրեք շինարարական եռուզեռ է, ԱՀ իշխանությունները խոստացել և պարտավորվել են բնակչությանը առավելագույնը երեք տարում ապահովել բնակարաններով: Քաղաքաշինության նախարարությունը հետպատերազմյան շրջանում այն գերատեսչությունն է, որը ամենածանրաբեռնված ռեժիմով է աշխատում, ինչպես վստահեցնում է քաղշին նախարար Արամ Սարգսյանը` 24\7 ռեժիմով ու դեռ ժամանակը չի բավարարում:      

Արցախում ընթացող շինաշխատանքների, առկա խնդիրների և ձեռքբերումների մասին InfoPort.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության Քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ:

Պ-ն նախարար, վերջերս Ադրբեջանի նախագահ Իլhամ Ալիևը տարածեց հերթական ապատեղեկատվությունը, հայտարարելով, թե իբրև այս պահին Արցախում ապրում է 25 հազար բնակչություն, ճիշտ է Արցախի իշխանությունները տարբեր մակարդակներով հերքեցին այս ստահոդ լուրը, սակայն Ձեր մասով ի՞նչ կասեք, կա՞ արդյոք ցանկություն բնակչության շրջանում բնակարաններ ձեռք բերելու և մշտապես բնակվելու Արցախում:

Մեր մասով ես կարող եմ ասել, որ պատերազմի ավարտից հետո ամեն օր առանց բացառության մեր նախարարություն են դիմում հարյուրավոր մարդիկ բնակարանային հարցերով, իմ տվյալներով նույն իրավիճակն է նաև այլ պատկան գերատեսչություններում, մարդկանց ներհոսքը Արցախ շարունակվում է, ակտիվ տեմպերով ընթանում են բնակարանային շինարարության աշխատանքները, որպեսզի բոլոր կարիքավորներին կարողանանք ապահովել տանիքով:

Իսկ ի՞նչ միջոցներով են ընթանում շինարարական աշխատանքները:

Աշխատանքները հիմնականում ֆինանսավորվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից, որոշ մասը Արցախի կառավարության ֆինանսավորմամբ է իրականացվում, կան նաև բնակավայրեր, որոնք կառուցվում են անհատ ձեռներեցների հովանավորությամբ` դրանց թվում է ռուսաստանահայ գործարար-բարերար Սերգեյ Համբարձումյանը: «Տաշիր-գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանն էլ է ցանկություն հայտնել մեկ բնակավայր կառուցել: Շինաշխատանքներ են ընթանում նաև «Ավրորա» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Մեկնարկել է նաև «Ապրելու Արցախ» հիմնադրամի ֆինանսավորմամբ թվով հարյուր տուն կառուցելու ծրագիրը:

Այնպես որ շինարարական աշխատանքները ընթանում են լայն մասշտաբներով, դեռ մի բան էլ աշխատուժի կարիք ենք զգում: Օգտվելով առիթից հրավիրում եմ շինարարների նաև Հայաստանի Հանրապետությունից` վստահեցնելով, որ անվտանգության խնդիրներ չկան:  

Ընդհանուր առմամբ ի՞նչ քանակի բնակֆոնդի մասին է գնում խոսքը:

Պլանավորում ենք երեք տարվա ընթացքում կառուցել մոտ հինգ հազար բնակարան: Այս պահին արդեն սկսված է 1800-2000 բնակարանների շինարարությունը հանրապետության բոլոր հատվածներում: Իվանյանում կառուցվում է երկու թաղամաս 196 և 80 տներով, Աստղաշենում ` 160, Ստեփանակերտում մինչև տարեվերջ պլանավորվում է ավարտել 300-350 բնակելի տների կառուցումը, իսկ Տիգրան Մեծ թաղամասում սկսվել է 224 բնակելի տների կառուցման աշխատանքները, որոնք պլանավորում ենք ավարտել երկու տարվա ընթացքում: Ընդհանուր առմամբ ամբողջ ծավալի բնակարանաշինական աշխատանքների 50% ստարտը արդեն տրված է:

Իսկ կա՞ն ծրագրեր, որոնք միտված են նոր աշխատատեղերի ստեղծմանը, չէ որ բնակարանային հիմնախնդիրներից զատ, ետպատերազմյան Արցախում կան նաև աշխատատեղերի խնդիրներ:  

Այո, անշուշտ: Վերջերս մեկնարկեց Մաճկալաշենում թռչնաբուծարանի կառուցման ծրագիրը: Ծրագրի հաջող իրականացման դեպքում, այն կշարունակվի նաև այլ համայնքներում: Կան ծրագրեր անասնաֆերմաներ, վերամշակող ձեռնարկություններ կառուցելու վերաբերյալ: Իվանյանի մոտակայքում կառուցվում է ցեմենտի գործարան, որը պլանավորում ենք շահագործման հանձնել արդեն օգոստոսի մեկից:    

Իսկ բնակֆոնդի կառուցման ընթացքում դուք հաշվի առնո՞ւմ եք բնակչության զբաղվածության ապահովման խնդիրները:   

Մենք տնամերձ հողամասերն այն չափերի ենք նախագծում, որ գյուղացիներն իրենց բնակատեղիի մոտ կարողանան կառուցել ջերմոցային տնտեսություններ, զբաղվել հողագործությամբ կամ անասնապահությամբ:

Դուք նշեցիք, որ շինաշխատանքները իրականացվում են հիմնականում «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ԱՀ կառավարության կամ մասնավոր բարերարների միջոցներով: Իսկ միջազգային հումանիտար կառույցներից որևէ արձագանք կա՞` հաշվի առնելով, ար Արցախը պատերազմի ընթացքում ենթարկվել է հումանիտար աղետի: 

Որպես էդպիսին հումանիտար ամենամեծ աջակցությունը ստացել ենք Ռուսաստանի Դաշնությունից` մեծ խմբաքանակ շինանյութի տեսքով: Ընթացքի մեջ է նաև ՌԴ-ի օժանդակությամբ արագ հավաքվող տներով բնակավայր կառուցելու ծրագիրը:

Պ-ն նախարար, Դուք խոսեցիք հիմնականում բնակարանաշինության մասին: Իսկ ի՞նչ կասեք ենթակառուցվածքների` ճանապարհների շինարարության, լուսավորության աշխատանքների մասին:

Պետք է նշեմ, որ բնակարանաշինության հետ մեկտեղ ակտիվ ընթանում է նաև  ենթակառուցվածքների շինարարությունը` ճանապարհաշինություն, ասֆալտապատում, լուսավորության վերականգնման աշխատանքներ: Ենթակառուցվածքները ևս շատ էին տուժել պատերազմի ընթացքում և զուգահեռ պետք է դրանք ևս վերագանգնել: Արդեն ամբողջովին կառուցվել է պատերազմի ընթացքում ադրբեջանական ռմբակոծությունից ավերված Քաշաթաղի կամուրջը, ասֆալտապատվում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, միջհամայնքային ճանապարհները, վերականգնվում է լուսավորությունը:

Ի դեպ մամուլում պարբերաբար հնչում են քննադատություններ, թե ահա ԱՀ իշխանությունները «բան ու գործը» թողած զբաղվում են լուսավորության և ասֆալտապատման աշխատանքներով, սակայն ոնց կարելի է խաղաղ կյանքը պատկերացնել քարուքանդ ճանապարհներով ու մութ փողոցներով: Բացի այդ, ենթակառուցվածքների վերականգնումը, բացի քաղաքաշինական կոմպոնենտից ունի նաև լուրջ անվտանգային կոմպոնենտ` այդ «քննադատները» պետք է հաշվի առնեն նաև դա:  Ուստի ի հեճուկս այդ խոսակցությունների, մենք ԱՀ կառավարության որդեգրած քաղաքականության շրջանակում պլանավորում ենք երեք տարվա ընթացքում ավարտել բոլոր միջհամայնքային ճանապարհների ասֆալտապատումը:    

Քանի որ խոսք գնաց անվտանգությունից... Որքանով տեղյակ եմ, միջդիրքային ճանապարհների կառուցմամբ-վերանորոգմամբ նույնպես զբաղվում է Ձեր գլխավորած նախարարությունը: Այս ուղղությամբ արդեն աշխատանքներ տարվու՞մ են, թե՞ ամբողջ ուշադրությունը սևեռված է բնակարաշինության և ենթակառուցվածքների վերականգնման վրա:     

Իհարկե կատարվում են: Ինչպես արդեն նշեցի, մեր նախարարությունը իրագործում է բազմաֆունկցիոնալ շինաշխատանքներ զուգահեռաբար բոլոր ուղղություններով: Կոնկրետ միջդիրքային ճանապարհների քարտեզները մեզ ներկայացնում է Պաշտպանության բանակը, մենք իրականացնում ենք ՊԲ-ի պատվերը: Եվ պետք է ասեմ, արդեն կառուցվում-վերանորոգվում է 92 կմ միջդիրքային ճանապարհ: Նույնը կարող եմ ասել դիրքերի կառուցման աշխատանքների մասին:

Ընդհանուր առմամբ Արցախի նախագահի ընտրվելուց հետո մեծ ուշադրություն է դարձվել դիրքերում շինաշխատանքների վրա: Ինչպես նշեց ԱՀ նախագահը Ազգային ժողովում իր վերջին ելույթում` ընտրություններից հետո` մինչպատերազմյան մի քանի ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունից պատվիրվել էր մոտ 150 հազար շինաքար` քարակերտ դիրքեր կառուցելու համար: Ցավոք չորս ամսվա ընթացքում հասցրեցինք կառուցել մեկ այդպիսի դիրք հյուսիսային ուղղությամբ` բոլոր ժամանակակից չափանիշներին համահունչ, որը լիովին արդարացրեց իրեն և մինչև պատերազմի ավարտը մնաց անառիկ: Դիրքերի կառուցապատման աշխատանքները կշարունակվեն նաև պատերազմից հետո:  

  • Կիսվել: