ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արցախում կտրոնների տրամադրման գործընթացի նախապատրաստական աշխատանքները հասցվել են ավարտին

Արցախում կտրոնների տրամադրման գործընթացի նախապատրաստական աշխատանքները հասցվել են ավարտին

Քաղաքացիներին սննդամթերքի որոշ տեսակների վաճառքի համար նախատեսված կտրոնների տրամադրման գործընթացի նախապատրաստական աշխատանքները հասցվել են ավարտին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Բնակարանային հարցերի կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական և հանրային կապերի բաժնի աշխատակցուհի Մանուշ Առստամյանը։

«Շրջվարչակազմերի աշխատակազմերից արդեն իսկ ստացվել են համայնքների ղեկավարների կողմից  հավաքագրված տվյալաները: Սպասարկման կետեր են բացվել քաղաք Ստեփանակերտում՝ 19 տեղամաս,   և շրջկենտրոններում՝ 8 տեղամաս( քաղաք Մարտունիում՝ 3, Ասկերան և Մարտակերտ քաղաքներում՝ 2-ական տեղամասեր): Սպասարկման կետերն ապահովվել են անհրաժեշտ գույքով, ամբողջությամբ լուծվել են տեխնիկական հարցերը: Յուրաքանչյուր սպասարկման կետում նշանակված են քաղաքացիներին սպասարկող աշխատակիցներ ու սպասարկման կետի պատասխանատու անձ»,-նշել է Մ. Առստամյանը։

Նրա խոսքով՝ գործընթացի արդունավետությունն ապահովելու, կողմնակի խնդիրներից խուսափելու համար աշխատակիցների համար կազմակերպվել են դասընթացներ:

«Կտրոնների տրամադրման գործընթացը նախատեսվում է սկսել մոտ օրերս. կախված ստեղծված իրավիճակից` մեկնարկի հստակ ժամկետի մասին լրացուցիչ կհայտարարվի։ Կտրոն ստանալու նպատակով Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող չափահաս անձը իր, ընտանիքի անդամների(և ոչ միայն) անձը հաստատող փաստաթղթով ու հանրային ծառայությունների համարանիշով պետք  այցելի Ստեփանակերտում գործող ցանկացած սպասարկման կետ: Անձը հաստատող փաստաթուղթն ու ՀԾՀ-ն օպերատորին տրամադրելուց և վերջինիս կողմից տվյալները ծրագիր մուտքագրելուց հետո քաղաքացուն տրամադրվելու է ստացական, որտեղ նշված  է լինելու այն անձանց անունները, որոնց տվյալները(անձը հաստատող փաստաթուղթ ու ՀԾՀ) տրամադրել է տվյալ քաղաքացին: Ստացականով մոտենալով կտրոն տրամադրող լիազոր անձին, ստորագրելով ու հանձնելով ստացականը՝ քաղաքացուն տրամադրվելու են հասանելիք կտրոնները: Գործընթացի նույն մեխանիզմը իրականացվելու է նաև շրջկենտրոններում»,-մանրամասնեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է գյուղական համայնքներին, ապա այստեղ հիմնական գործառույթը կատարում են համայնքների ու շրջվարչակազմերի ղեկավարները` ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի աշխատակիցների հետ միասին: Կոմիտեն, հիմք ընդունելով շրջանների վարչակազմերի կողմից հավաքագրված ցանկերը, համապատասխան քանակով կտրոններ  է ուղարկում: Շրջվարչակազմը կտրոնները բաշխում է ըստ համայնքների, որից հետո տվյալ համայնքում  փաստացի բնակվող անձը ստանում է կտրոններն ու ձեռք բերում հասանելիք սննդամթերքը՝ մոտենալով տնտեսվարող սուբյեկտին: Արցախում բնակվող օտարերկրյա քաղաքացիները և անձը հաստատող փաստաթղթի հետ խնդիրներ ունեցող անձիք  պետք է դիմեն Ստեփանակերտի №1 սպասարկման կենտրոնին` ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե։

  • Կիսվել: