ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Արցախում կձևավորվի աշխատանքային խումբ՝ գնահատելու հնարավոր տնտեսական ռիսկերը

Արցախում կձևավորվի աշխատանքային խումբ՝ գնահատելու հնարավոր տնտեսական ռիսկերը

Արցախի հանրապետության պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 25-ին անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված նոր կորոնավիրուսի պատճառով տնտեսական հնարավոր խնդիրների վերհանմանն ու համապատասխան գործողությունների նախանշմանը: 

Տնտեսվարողներին աջակցելու և բնակչությանն այլ ռիսկերից հնարավորինս զերծ պահելու նպատակներից ելնելով՝ Գրիգորի Մարտիրոսյանն անհրաժեշտ է համարել հստակեցնել գործողությունների ուղղությունները, իրականացվելիք միջոցառումներն ու կիրառվող գործիքները: «Հատկապես կարևորում եմ գլոբալ սպառնալիքից բխող ռիսկերը բիզնեսի համար նվազագույնի հասցնելուն ուղղված պետական աջակցության արդյունավետ  գործիքների քննարկումը՝ ինչը հանդիսանում է նաև Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարականը», - նշել է պետական նախարարը:

Պետական նախարարն, ըստ ոլորտների, լսել է շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների առաջարկություններն ու իրականացվող աշխատանքների մասին տեղեկատվությունը:

Խորհրդակցության ավարտին Գրիգորի Մարտիրոսյանը հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ՝ հնարավոր տնտեսական ռիսկերը նախանշելու և ըստ ազդեցության հավանական ուժի` կարճաժամկետ ու երկարաժամկետ հատվածներում և առաջնահերթություններից ելնելով` հստակեցնելու դրանց հնարավոր մեղմանն ու չեղարկմանն ուղղված անելիքները:

Արցախի հանրապետության պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանի ելույթին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ:

 

  • Կիսվել: