շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախում կան երազանքներ, սեր ու ճակատագրեր. «Ապրելու ցանկություն» ֆիլմի ցուցադրությունը՝ Sunrise Stepanakert֊ի ամփոփում

Արցախում կան երազանքներ, սեր ու ճակատագրեր. «Ապրելու ցանկություն» ֆիլմի ցուցադրությունը՝ Sunrise Stepanakert֊ի ամփոփում

Այսօր՝ հուլիսի 16-ին, Պոլ Էլյուարի Տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնում կայացավ Sunrise Stepanakert մուլտիմեդիա արվեստի փառատոնը ամփոփող «Ապրելու ցանկություն» ֆիլմի ցուցադրությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արցախցի երիտասարդ կինոռեժիսոր Մարիամ Ավետիսյանը նախաձեռնել է նկարահանել «Ապրելու ցանկություն» խորագրով վավերագրական սերիաներ՝ Արցախում հետպատերազմյան կյանքը ցույց տալու համար:

Բնութագրությունը հասանալի չէ

«Այս կարճամետրաժ վավերագրական ֆիլմերը ցույց են տալիս պատերազմի հետևանքներն Արցախում բնակվող մարդկանց վրա: Այս պրոյեկտը սկսել ենք պատերազմից հետո, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տանք, որ Արցախը զուտ տարածք չէ, այստեղ կան շատ երազանքներ, սեր և ճակատագրեր», - ասաց Մարիամ Ավետիսյանը:

Փառատոնի համահիմնադիր Շուշան Քեշիշյանի խոսքով՝ հատուկ են ընտրել այս ֆիլմը՝ որպես փառատոնի վերջին միջոցառում:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ցանկացանք «Ապրելու ցանկություն» խորագրով ամփոփել փառատոնն այն հույսով, որ հաջորդ տարի նորից կունենանք արվեստի փառատոն Ստեփանակերտում: Մեր փառատոնի նպատակն էր շեշտել, որ մենք Արցախում ենք և շարունակելու ենք այստեղ ապրել: Շատ դրական արձագանք ստացանք, ուրախ ենք, որ փառատոնը ճիշտ ընկալվեց մարդկանց կողմից», - մեզ հետ զրույցում ընդգծեց Շուշան Քեշիշյանը:

Փառատոնի համահիմնադիր Լիլիթ Հակոբյանը նշեց, որ, նմանատիպ ֆորմատով միջոցառումները դարձնելով ամենամյա, շարունակելու են խթանել մշակութային կյանքը Արցախում:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մենք հավատում ենք, որ մշակույթը վերականգնման կարևորագույն գործիք է: Մեր նպատակն էր արվեստի խթանման միջոցով վերակենդանացնել Ստեփանակերտը վերջին կործանարար ամիսներից հետո: Ցանկանում էինք աջակցել և ոգեշնչել տեղացի մեր հայրենակիցներին, հատկապես՝ երիտասարդներին, որոնք, իսկապես, տաղանդավոր են», - շեշտեց Լիլիթ Հակոբյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Կինոդիտումից հետո տեղի ունեցավ քննարկում և հարցուպատասխան ֆիլմի ռեժիսորի հետ:

  • Կիսվել: