հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արցախում հանցագործություններ կատարած ագրեսորների համար խիստ պատիժ ենք ակնկալում. Զերունյանի բաց նամակը Ջո Բայդենին

Արցախում հանցագործություններ կատարած ագրեսորների համար խիստ պատիժ ենք ակնկալում. Զերունյանի բաց նամակը Ջո Բայդենին

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայազգի պրոֆեսոր, կառավարչական հմտությունների բաժանմունքի հանրային կառավարման ծրագրի ղեկավար Ֆրենկ Զերունյանը բաց նամակ է հղել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին: Շնորհավորելով երկրի գլխավոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Զերունյանն ընդգծել է Միացյալ Նահանգները բարոյական և իրավական հիմքերով կառավարելու Ջո Բայդենի խոստումը:

Հայազգի պրոֆեսորը գրել է, որ իր պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում ամեն ինչ արել է՝ արմատախիլ անելու ցեղասպանությունը որպես մարդկության դեմ հանցանք: Ֆրենկ Զերունյանը Բայդենին հիշեցրել է 2020-ի ապրիլի 24-ին և Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայից հետո 2020-ի հոկտեմբերի 25-ին ստանձնած պարտավորությունների մասին:

Հայազգի պրոֆեսորը նշել է, որ Politico պարբերականը հիշատակել է Բայդենի թվիթերյան գրառման մասին, որի համաձայն՝ ընտրվելու դեպքում, Բայդենը խոստացել էր աջակցել Հայոց  ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը և մարդու իրավունքներն առաջնահերթություն դարձնել:

 

Ֆրենկ Զերունյանը ԱՄՆ նախագահին խնդրել է հարգել բոլոր խոստումները, քանի որ Միացյալ Նահանգները միշտ խրախուսել է ճշմարտությունը, արդարություն ու օրենքի գերակայությունը:

Հայազգի պրոֆեսորը նշում է, որ թեպետ չի կարող հետ բերել իր նախնիներին, այնուամենայնիվ հնարավոր է կանգնեցնել մարդկանց հանդեպ անմարդկային վերաբերմունքը:  

«Հայերին, հրեաներին, կամբոջիացիներին, ռուանդացիներին, դարֆուրցիներին, այժմ էլ՝ ույգուրներին ուղղված «այլևս երբեք» արտահայտությունը պարզապես կարգախոս չէ, այլ երկրի երեսից ցեղասպանությունն արմատախիլ անելու գործողության խորիմաստ կոչ»,- գրել է Ֆրենկ Զերունյանը:

Նամակում հիշատակվում են Հայոց ցեղասպանությունն աշխարհում ճանաչելու օրինակները, որոնց հետևել են հարյուրավոր պետություններ, քաղաքներ, շրջաններ, խորհրդարաններ: Հիշատակվում են նաև այլ կապակցությամբ ԱՄՆ նախկին նախագահների արած խոստումներն ու «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու անհաջող փորձերը:

Զերունյանն անդրադարձել է նաև 2020-ի սեպտեմբերի 27-ի ողբերգական դեպքերին՝ Արցախի խաղաղ բնակչության դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի հարձակմանը:

ՆԱՏՕ-ի դաշնակցի կողմից ամերիկյան սպառազինության դաժան ուժի կիրառմամբ ավերվել է հայերի նախնիների երկիրն Արցախում:

«Ագրեսորների համար մենք խիստ պատիժ ենք ակնկալում վերջին հանցագործությունների դիմաց: Կարևորն այն է, որ հուսով ենք, որ ԱՄՆ-ի բարոյական իշխանությունը կդադարեցնի ադրբեջանական ագրեսիան և այդ ագրեսորներին սպառազինության մատակարարումը: Եվ կարևորագույնը՝ հուսով ենք, որ աշխարհին կուղղորդեք դեպի Արցախի ճանաչումը, ինչը ժողովրդի գոյատևման միակ լուծումն է»,- գրել է հայազգի պրոֆեսորը:

Զերունյանը Բայդենին հիշեցրել է երդմնակալության ժամանակ հնչեցրած խոսքերը՝ «կառաջնորդվենք օրինակի ուժով», և նշել, որ սպասում են այս խոսքերի կատարմանը, քանի որ դրանք վերաբերում են ճշմարտությանը, արդարությանը, ցեղասպանության ճանաչմանը, մարդու իրավունքներին և Արցախին:

  • Կիսվել: