հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Արցախում գներն անհիմն բարձրացրած տնտեսվարողները պատասխանատվության ենթարկվելուց բացի կզրկվեն նաև մատակարարումից

Արցախում գներն անհիմն բարձրացրած տնտեսվարողները պատասխանատվության ենթարկվելուց բացի կզրկվեն նաև մատակարարումից

Տնտեսավարող սուբյեկտները զգուշացվել են իրացվող ապրանքատեսակների համար սահմանված 15% վերադիրի կիրառումը պահպանելու համար:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի Տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության պետ Հրաչ Ավթանդիլյանը:
 
«Առավել բարձր և արհեստական բարձրացված գներով իրացման դեպքում՝ նման վարքագիծ դրսևորած սուբյեկտները, բացի օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելուց, զրկվելու են նաև ապրանքների հետագա մատակարարումներից»,-մանրամասնել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու արգելափակումից հետո Հանձնաժողովն ամենօրյա ռեժիմով շարունակում է դիտանցումներ իրականացնել Ստեփանակերտի առևտրային օբյեկտներում՝ ուշադրության կենտրոնում պահելով գնային յուրաքանչյուր փոփոխություն:
 
Վարչության պետի խոսքով՝ կառույցի և Օպերատիվ շտաբի թեժ գծերի միջոցով օպերատիվ արձագանքում են քաղաքացիներից ստացված բոլոր բողոքներին և իրականացնում ուսումնասիրություններ, որոնց արդյունքների վերաբերյալ տրամադրվում են պարզաբանումներ:
 
Բացի այդ, տնտեսավարող սուբյեկտների հետ տարվում են բացատրական աշխատանքներ՝ արհեստական գների բարձրացումներից խուսափելու համար:
 
«Առևտրային օբյեկտների կողմից իրացվող ոչ բոլոր ապրանքատեսակներն են ձեռք բերվում Արցախի Հանրապետության գյուղաջակցության հիմնադրամի կողմից սահմանված կարգով, և հետևաբար հնարավոր չէ լիարժեք վերահսկել գնագոյացման մեխանիզմները»,-ասաց Հ. Ավթանդիլյանը՝ հորդորելով առևտրային օբյեկտներին զերծ մնալ ապրանքատեսակները շրջափակմանը նախորդած ժամանակահատվածի համեմատ ընդգծված բարձր գներով և առանց հիմնավոր փաստաթղթղերի ձեռքբերումից և իրացումից :
 
Ըստ մեր զրուցակցի՝ շրջվարչակազմերի աշխատակիցների կողմից դիտանցումներ են իրականացվում նաև Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջաններում: Արձանագրված թերացումներն ու խնդիրները համապատասխան կարգի համաձայն, հաշվառվում են:
 
ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովը քաղաքացիներին հորդորում է անբարեխիղճ երևույթների ականատես լինելու դեպքում անմիջապես ահազանգել թեժ գիծ՝ 047-95-95-55:

  • Կիսվել: