հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում գարնանացանի ծավալները 35 %-ով գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշը

Արցախում գարնանացանի ծավալները 35 %-ով գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշը

Հանրապետությունում ներկայումս իրականացվել են 6431 հա գարնանացան աշխատանքներ, որոնք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի են 35 %-ով:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցյում ասել է ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը՝ տեղեկացնելով, որ գարնանացանի համար նախատեսված է 16 հազար հա ցանքաշրջանառություն:

Նա նշել է, որ ցանվել են գարնանացան հասկավոր հացահատիկներ՝ ցորեն, գարի, հաճար, քիչ քանակությամբ եգիպտացորեն. մեծ մասամբ իրականացվել է 2983 հա կտավատի ցանքս: Ցանվել են նաև արևածաղիկ, հնդկացորեն, որոշակի քանակությամբ ընդեղեն մշակաբույսեր՝ սիսեռ, ոլոռ, ոսպ, լոբի, կարտոֆիլ և որոշակի չափով բանջարեղեն, որի հիմնական մասը կազմում է սոխը:

«Հողօգտագործողների կողմից իրականացվել են նաև պայքարի մի շարք միջոցառումներ. անհրաժեշտ հումքը մատչելի գներով ձեռք է բերվել ԱՀ «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»-ից: Շուրջ 4500 հա-ի վրա իրականացվել է պայքար մոլախոտերի դեմ, ավելի քան 40 հազար հա-ի վրա՝ մկնանման կրծողների և այլ վնասատուների դեմ, 9000 հա-ի վրա՝ ազոտական պարարտանյութերով սնուցում, 4500 հա-ի վրա՝ տերևային սնուցում»,-մասնավորապես ավելացրել է փոխնախարարը:

Խոսելով աշնանացան աշխատանքների մասին՝ Վ. Ավետիսյանն ասել է, որ տեղումներից հետո կարելի է վիճակը գնահատել բավարար՝ չնայած այն հանգամանքին, որ եղել են տարածքներ, որտեղ իրականացվել են կրկնացանքսեր կամ գարնանացան աշխատանքներ: Հաշվի առնելով աշնանային և ձմեռային սակավ տեղումները՝ պետք է նշել, որ այն իր բացասական ազդեցություն է ունենալու բերքատվության վրա: Բայց քանի որ ԱՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվում են մի շարք միջոցառումներ, դրանք զգալիորեն բարձրացնելու են բերքատվության աստիճանը:

  • Կիսվել: