ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում բնակվող մեր հայրենակիցների անվտանգության, պաշտպանության և իրավունքների հարցերին լուծում գտնելն առաջնային է. ԱԽ քարտուղար

Արցախում բնակվող մեր հայրենակիցների անվտանգության, պաշտպանության և իրավունքների հարցերին լուծում գտնելն առաջնային է. ԱԽ քարտուղար

Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձավ Արցախի կարգավիճակի հարցին:

«Դուք գիտեք, որ Ադրբեջանի 5 կետին եղել է Հայաստանի 6-կետանոց պատասխանը: Հայաստանի համար անընդունելի կետ այդ 5 կետերում չի եղել: Հայաստանն իր առաջարկներում նաև առաջարկել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ևս պետք է լուծում տրվի, որպեսզի հնարավոր լինի համապարփակ խաղաղության պայմանագիր ունենալ:

Այս պահին մեր մոտեցումն այն է, որ այդ երկու փաթեթները, 5+6 կետերը պետք է միացնել իրար և սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ, որպեսզի մենք  գտնենք ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ լուծումը: Մենք հայտարարել ենք, որ առաջնային է Արցախում բնակվող մեր հայրենակիցների անվտանգության, պաշտպանության և իրավունքների հարցերին լուծում գտնելը, և ըստ դրա պետք է ձևավորվի ԼՂ ստատուսը»,- ասաց ԱԽ քարտուղարը:

Նրա խոսքով՝ 5+6 կետերի շուրջ խաղաղության բանակցություններ սկսելը լեգիտիմ մոտեցում է:

«Եվ մենք տեսել ենք փոխըմբռնում»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, դրա օրակարգի հարցերից մեկն էլ միմյանց սուվերենությունը ճանաչելու մասին է՝ ընդգծեց Արմեն Գրիգորյանը: «Իհարկե, մենք նշում ենք, որ դեռևս 1992 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը ԱՊՀ շրջանակներում ճանաչել են միմյանց սուվերեն տարածքները և ինքնիշխանությունը, գիտեք, որ հետագայում այլ զարգացումներ են եղել, բայց Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են միմյանց տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը ճանաչել»,- ասաց նա:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե հայկական տարածքներն ադրբեջանցիները վերագրում են իրենց, Արմեն Գրիգորյանը չցանկացավ մեկնաբանել՝ նշելով, որ բոլոր քարտեզները, պատմական փաստերն առկա են, հանրության ցանկացած անդամ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, հնարավորություն ունի քարտեզներին ծանոթանալու և իմանալու, թե որ տարածքը պատմականորեն ում է պատկանել:

Ինչ վերաբերում է սահմանների և անվտանգության խնդրով զբաղվող հանձնաժողովի ստեղծման աշխատանքներին, ԱԽ քարտուղարը հայտնեց՝ դրա շուրջ քննարկումները շարունակվում են:

«Հույս ունեինք, որ հնարավոր է լինելու մինչև ապրիլի վերջ գտնել լուծումներ և առաջ շարժվել, բայց կարող եմ նշել՝ այս պահին էլ քննարկումներն ինտենսիվ շարունակվում են: Մոտեցումների՝ ընդհանուր առմամբ, նաև աշխատանքային խմբերի մասով հարցեր կան, որոնց պատասխանները դեռ վերջնական չենք գտել: Հենց գտնենք պատասխանը, դրա մասին հրապարակային հայտարարություն կլինի»,- ասաց Գրիգորյանը:

  • Կիսվել: