երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արցախում այս պահին գյուղատնտեսական աշխատանքներն ընթանում են նախատեսվածից զգալիորեն քիչ ծավալներով, որոշ դեպքերում էլ դադարեցված են. Հրանտ Սաֆարյան

Արցախում այս պահին գյուղատնտեսական աշխատանքներն ընթանում են նախատեսվածից զգալիորեն քիչ ծավալներով, որոշ դեպքերում էլ դադարեցված են. Հրանտ Սաֆարյան

Արդեն 62-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը։ Ադրբեջանցի կեղծ բնապահպանները, որոնք իրականում Ադրբեջանի ու Թուրքիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են և սրա վերաբերյալ բազմաթիվ փաստեր են հրապարակել, այդ թվում՝ միջազգային լրատվամիջոցների կողմից, 120 հազար արցախահայերի կտրել են իրենց  կյանքի միակ ճանապարհից։ Շրջափակումն իր հետ բերել է բազմաթիվ խնդիրներ, Արցախը հումանիտար աղետի շեմին է,  հատկապես, երբ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ անջատում է գազամատակարարումն ու էլեկտրաէներգիան։

168.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանի հետ՝ պարզելու համար, թե շրջափակումն ի՞նչ խնդիրներ է առաջացրել գյուղոլորտում և ինչպե՞ս են հաղթահարում դրանք։
 
– Պարոն Սաֆարյան, արդեն 62-րդ օրն է՝ ադրբեջանական կեղծ բնապահպանները փակել են Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը, շրջափակման պայմաններում ինչպիսի՞ն է պատկերը գյուղատնտեսության ոլորտում։
 
– Գյուղատնտեսության ոլորտի վրա ադրբեջական կեղծ բնապահպանական ակցիան, որը հանգեցրել է Արցախի լիակատար շրջափակման, բնականաբար, ամենաբացասական ձևով է ազդել: Այս պահին այստեղ բոլոր տեսակի գյուղատնտեսական աշխատանքներն ընթանում են նախատեսվածից զգալիորեն քիչ ծավալներով, իսկ որոշ դեպքերում էլ դադարեցված են:
 
– Ստեղծված իրավիճակում հիմնական ի՞նչ խնդիրների է բախվել գյուղոլորտը։
 
– Բուսաբուծության ոլորտում բախվել ենք՝ գարնանացան մշակաբույսերի սերմերի, պարարտանյութերի, բույսերի պաշտպանության միջոցների, իսկ անասնաբուծության ոլորտում՝ հատիկային և խտացրած կերերի ներկրման հետ կապված խնդիրների հետ:
 
Խոչընդոտներ կան ջերմոցաշինության բնագավառում, քանի որ կառուցման համար անհրաժեշտ նյութերը մեծամասամբ ներկրվում են, ինչն այս իրավիճակում անհնար է:
 
Հատկապես խնդրահարույց է դարձել հանրապետությունում վառելիքի սակավությունը, ինչի հետևանքով կաթվածահար են լինում գյուղատնտեսության բոլոր ճյուղերի ընթացիկ աշխատանքները:
 
Ներկա փուլում բոլոր նշված խնդիրները դեռևս ստացվում է մասնակիորեն լուծել պետական պահուստային պաշարների հաշվին, բայց շրջափակման շարունակման պարագայում իրավիճակն էլ ավելի կվատթարանա:
 
– Ադրբեջանական կողմը ճանապարհը փակելուն զուգահեռ՝ անջատում է գազամատակարարումն ու էլեկտրաէներգիան, նման պայմաններում ինչպիսի՞ն է ջեմրոցային տնտեսության վիճակը։
 
– Նախ նշեմ, որ Արցախում գործող ջեռուցվող ջերմոցների թիվը զգալիորեն զիջում է չջեռուցվողների թվին, բայց գազամատակարարման և էներգամատակարարման խափանումների  պատճառով եղած ջեռուցվող ջերմոցները զգալիորեն տուժում են: Արդեն ունենք սածիլների և նույնիսկ չհասունացած բերքի ցրտահարման դեպքեր, ինչը տնտեսավարողներին և՛ նյութական, և՛ հոգեբանական հարված է հասցրել՝ այն առումով, որ ջերմատնային տնտեսությամբ զբաղվողները խուսափում եմ իրենց չջեռուցվող ջերմատները կահավորել ջեռուցման արդի համակարգերով՝ մտավախություն ունենալով, որ գազի խափանումների հետևանքով կունենան բերքի կորուստ: Այսինքն, ջերմոցային տնտեսության վարումն այլևս լրացուցիչ ռիսկեր է պարունակում Արցախում:
 
Պետք է ասեմ նաև, որ ստեղծված իրավիճակում Արցախի Հանրապետության կառավարությունը, եղած սուղ հնարավորությունների սահմաններում, փորձում է օգնել ջերմատնային տնտեսություն վարող անհատներին՝ տրամադրելով վերջիններիս որոշակի քանակությամբ վառելիք ձեռք բերելու հնարավորություն՝ գազի խափանման պայմաններում ջերմոցներում կայուն ջերմաստիճան ապահովելու նպատակով:
 
– Արդյո՞ք այս ամենը բերել է գյուղմթերքի, այդ թվում՝ մսամթերքի գների աճի։
 
– Տեղական արտադրության բուսաբուծական մթերք այս պահին վաճառքի չկա կամ շատ չնչին քանակով է, քանի որ ստեղծված իրավիճակում գյուղացիներն ամբարած բերքը պահում են սեփական կարիքները հոգալու և որպես սերմացու օգտագործելու նպատակով:
 
Առկա է միայն կանաչեղեն, լոբի, դդում, որոշ պտղատեսակներ, տեղական վերամշակող ընկերությունների կողմից արտադրված պահածոների բավականին լայն տեսականի, կաթնամթերք, որոնց գներն աճել են՝ վերավաճառողների անբարեխղճության պատճառով, ոչ թե՝ անմիջական արտադրողի:
 
Մսի շուկայում, սեզոնայնությամբ պայմանավորված, նկատվում է տավարի և թռչնի մսի սակավություն: Գների առումով, ըստ հարցումների, հատուկ աճ չի գրանցվել:
 
– Արցախն ապաշրջափակելուց հետո, ճգնաժամային կառավարման ինչպիսի՞ մեխանիզմներ եք մշակել ոլորտի համար։
 
– Արցախի շրջափակումը պատճառ դարձավ, որպեսզի արմատապես վերանայվեն առկա ոռոգովի տարածքների այս կամ այն մշակաբույսերի տակ օգտագործման նպատակահարմարությունը՝ նախապատվությունը տալով պարենային մշակաբույսերին, նախկին՝ տեխնիկական կուլտուրաների փոխարեն:
 
Աջակցության ծրագրերով կսահմանվեն բնակչության կողմից առավելապես մեծ պահանջարկ ունեցող մշակաբույսերի մշակությունը խթանող դրույթներ ու համապատասխան ֆինանսական սանդղակներ:
 
Ու ընդհանրապես, ապաշրջափակման պարագայում Արցախում նախատեսվում է լայն թափով իրականացնել գարնանացան՝ շեշտը դնելով բանջարաբոստանային մշակաբույսերի մշակության վրա:
 
Անասնաբուծության ոլորտում կշարունակվի կենդանիների մսուրային պահվածքի խթանումը՝ անասնաբուծական նշանակության շենք-շինությունների, դրանց պայմանների արդիականացման, տոհմային կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորման, կայուն կերային բազայի ստեղծման և մի շարք այլ միջոցառումների հաշվին:

  • Կիսվել: