ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում 169 երեխա ծնվել է շրջափակման մեջ

Արցախում 169 երեխա ծնվել է շրջափակման մեջ

Ադրբեջանի կողմից շրջափակման, գազի և էլեկտրականության մատակարարման խափանման պատճառով Արցախի բնակարաններում սկսել են տեղադրվել փայտի վառարաններ: Այդ մասին ասված է Արցախի կառավարության տեղեկագրում (շրջափակման 46-րդ օր):

Ցուրտ ձմռան պայմաններում, առանց բնական գազի օգտագործման հնարավորության և թերի էլեկտրամատակարարման պայմաններում Արցախի բնակիչները, որպես ջեռուցման և սնունդ պատրաստելու այլընտրանքային տարբերակ, ստիպված սկսել են իրենց բնակարաններում փայտի վառարաններ տեղադրել։

Այս կապակցությամբ Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը զգուշացնում է քաղաքացիներին, որ հրդեհային անվտանգության տեսանկյունից վառարանների տեղադրումը ռիսկային է, եթե չպահպանվեն անվտանգության կանոնները։

Տեղեկագրում նաև ներկայացված է Արցախի շրջափակման 44-րդ օրվա վիճակագրությունը.

  • 12 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
  • 7 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
  • Արդեն 169 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
  • ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 508 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
  • Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 46 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
  • Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 4,700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։

Ավելի քան 18 000 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

  • Կիսվել: