չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախում 135 քաղաքացի ստացել է վառելափայտ և վառարաններ

Արցախում 135 քաղաքացի ստացել է վառելափայտ և վառարաններ

Արցախի կառավարության տեղեկագիրը ներկայացրել է շրջափակման 47-րդ օրվա վիճակագրությունը:

Ցուրտ ձմռան պայմաններում Ադրբեջանի կողմից շրջափակման, գազամատակարարման և էլեկտրամատակարարման խափանման պատճառով Արցախի բնակիչները, որպես ջեռուցման և սնունդ պատրաստելու այլընտրանքային տարբերակ, ստիպված սկսել են իրենց բնակարաններում փայտի վառարաններ տեղադրել։ Այդ հարցում պետությունն աջակցում է բնակչությանը։

Արդեն 135 քաղաքացի ստացել է ընդհանուր առմամբ 346 խորանարդ մետր վառելափայտ: Քաղաքացիներին տրամադրվել է նաև 26 կոմպլեկտ-վառարան։ 

  • 10 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
  • 9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
  • Արդեն 171 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
  • Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 515 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
  • Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 49 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
  • Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 4700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ 

Ավելի քան 18400 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմատակարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

  • Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 47 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120000 բնակչությանը:
  • Շրջափակման պատճառով Արցախի 120000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30000 երեխա, 20000 տարեց, 9000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և, ի թիվս այլ իրավունքների խախտման, կանգնած է թերսնման և ցրտահարման մեծ ռիսկի առջև:
  • Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից ամբողջությամբ կամ մասամբ փակվել են 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ։
  • 6828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ և նախակրթարան հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից:
  • Հունվարի 18-ից ջեռուցման ու էլեկտրամատակարարման խնդիրների պատճառով դադարեցվել է Արցախի բոլոր 118 դպրոցների աշխատանքը՝ ավելի քան 20000 երեխայի զրկելով կրթություն ստանալու իրավունքից:

  • Կիսվել: