երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախին առնչվող քննարկումները պիտի ունենան ազգային շահերի հիման վրա ձևավորված կարմիր գծեր՝ վեր ցանկացած տիպի շահերից, այդ թվում՝ ներքաղաքական. Արտակ Բեգլարյան

Արցախին առնչվող քննարկումները պիտի ունենան ազգային շահերի հիման վրա ձևավորված կարմիր գծեր՝ վեր ցանկացած տիպի շահերից, այդ թվում՝ ներքաղաքական. Արտակ Բեգլարյան

Որևէ մեկը կասկած ունի՞, որ արցախահայությունը շարունակում և շարունակելու է իր պայքարը հանուն Արցախի հայկական ապագայի, անկախության միջազգային ճանաչման և, վերջիվերջո, Մայր Հայաստանի հետ միացման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետնախարարԱրտակ Բեգլարյանը:

«Յուրաքանչյուր հայի համար արցախահայության կամքն ու ձգտումները պետք է լինեն անձեռնմխելի և հիմք Հայրենիքին աջակցելու մղումներում ու ջանքերում: Արցախին առնչվող գործողություններն ու քննարկումները պետք է ունենան հստակ ու ազգային շահերի հիման վրա ձևավորված նպատակներ, սկզբունքներ ու կարմիր գծեր՝ վեր ցանկացած տիպի նեղ ու կարճաժամկետ շահերից, այդ թվում՝ ներքաղաքական: Եվ սա վերաբերում է թե՛ արցախյան, թե՛ հայաստանյան և թե՛ սփյուռքյան քաղաքական ուժերին ու գործիչներին՝ ինձնից սկսած:

Յուրաքանչյուր հայ, ով կարծում է, որ Արցախը պետք է մնա հայկական, ունի անելիք, և դա առաջին հերթին չվնասելն է, հետո՝ աջակցելը»,- գրել է Բեգլարյանը: 

Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության ԱԺ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին ասուլիսում արված հայտարարություններին.

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, վերահաստատելով Արցախի ժողովրդի և իշխանությունների դիրքորոշումը Արցախի Հանրապետության ինքնիշխանության և անկախության հարցում, հայտարարում է՝

անընդունելի է առանց Արցախի իշխանությունների տեսակետը հաշվի առնելու դիրքորոշում հայտնելը, քանի որ Արցախի ապագայի հարցով որոշում ընդունելու իրավասություն ունեն միայն Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից ընտրությունների միջոցով ձևավորված  իշխանությունները»:

  • Կիսվել: