ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի, Արցախի տարածքները պետք է դեօկուպացվեն․ Արթուր Վանեցյանը հանդիպել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության հետ

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի, Արցախի տարածքները պետք է դեօկուպացվեն․ Արթուր Վանեցյանը հանդիպել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության հետ

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Արթուր Վանեցյանի գլխավորությամբ Արցախ կատարած այցի շրջանակներում այսօր հանդիպում ունեցավ Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության հետ:

«Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը նախ շնորհակալություն հայտնեց Արթուր Վանեցյանին և նույն խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին` Արցախ այցելելու, Արցախը չմոռանալու, Արցախի կողքին լինելու համար: Գալստյանի խոսքով` իրենք հետևում են ՀՀ Ազգային ժողովի նիստերին և ողջունել են Արցախի հարցերով հանձնաժողով ձևավորելու` «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությունը, որը, սակայն, չընդունվեց իշխանությունների կողմից: 
 

Արթուր Վանեցյանը նշել է, որ Արցախի անկախության տոնը միշտ եղել է հայ ժողովրդի հպարտության առարկան, մեր հաղթանակների սիմվոլը, բայց այսօր Արցախն իրեն լքված է զգում, սփյուռքը` օտարված, իսկ Հայաստանը խառնաշփոթի մեջ է:

«Եվ այո, պետք է տալ դրա քաղաքական գնահատականը, և ասել, որ այս ամենի ամբողջ մեղավորը գործող իշխանություններն են` իրենց ապաշնորհ և ապիկար կառավարմամբ», - ասել է Վանեցյանը:

Նա նաև նշել է, որ «Պատիվ ունեմ» խմբակցության և դրա կազմում ընդգրկված կուսակցությունների դիրքորոշումը Արցախի հարցում միասնական է, այն է` Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը պետք է անպայման իրացվի, և Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքները պետք է դեօկուպացվեն: 

«Բայց դա չի նշանակում, թե մենք պատերազմի կողմնակից ենք։ Մենք շատ լավ գիտենք պատերազմի գինը, բայց դրա հետ մեկտեղ ` համաձայն չենք խաղաղություն աղերսելուն: Մենք արժանապատիվ խաղաղության կողմնակից ենք», - ասել է Վանեցյանը:

  • Կիսվել: