կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արցախի ուժային կառույցներն անցել են գործի՝ չեն բացառվում աղմկահարույց բացահայտումներ․ աղբյուր

Արցախի ուժային կառույցներն անցել են գործի՝ չեն բացառվում աղմկահարույց բացահայտումներ․ աղբյուր

 Արցախի Հանրապետության ԱԱԾ, Ոստիկանության և Քննչական կոմիտեի համապատասխան մարմինները փոխգործակցության սկզբունքով՝ երեկվանից, լայնածավալ ուսումնասիրություններ են սկսել Արցախի ներդրումային և Գյուղի ու գյուղատնտեսության հիմնադրամների կողմից 2020թ.-ի նոյեմբերի 10-ից հետո տրված վարկերի, ինչպես նաև փոխհատուցումների ուղղությամբ:

Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին արցախյան իր աղբյուրները: Ըստ աղբյուրի, ստուգումների արդյունքում չեն բացառվում աղմկահարույց բացահայտումներ։ «Ըստ որոշակի լուրերի, որոնց հավաստիության հիմքեր ունեն, հնարավոր խախտումների առաջին հորիզոնականներում լայն ճանաչում ունեցող անձինք են»,- փակագծերը բացեց կայքի զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, օրերս հատուկ հանձնարարական է իջեցրել ուժային կառույցներին՝ ձեռնարկել օպերատիվ-հետախուզական բոլոր միջոցները՝ վեր հանելու և քրեական պատասխանատվության ենթարկելու այն տնտեսավարողներին, որոնք չարաշահումներ են թույլ տվել իրենց բանկային պարտավորությունների կատարման հարցում՝ պետության կողմից թշնամու տարածքում մնացած իրենց գույքի փոխհատուցման համար գումարներ ստանալուց հետո։

Խոսքը մասնավորապես վերաբերում է այն ՀԷԿ-երի սեփականատերերին, ովքեր դրանք կորցնելու դիմաց պետության կողմից ստացել են լրիվ փոխհատուցում, բայց հետագայում պարզվել է, որ նրանք հասցրել էին ապամոնտաժել և տեղափոխել այդ ՀԷԿ-երի կոնստրուկցիաները։ Նա նաև անդրադարձել է Արցախի ներդրումային և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամներին:

«Ձեր լիազորությունների շրջանակում ձեռնարկեք բոլոր միջոցները և նշված հիմնադրամներից ստացված, հատկապես 2020թ. նոյեմբերից հետո տրված միջոցները փոշիացրած կամ աննպատակ օգտագործած կամ պայմանագրով նախատեսված ժամկետներում մարելուց չարամտորեն խուսափած անձանց վեր հանելու, հիմնադրամներին, պետությանը պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ»,- հանձնարարել է նախագահ Հարությունյանը:

  • Կիսվել: