ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի` շփման գծին մոտ գտնվող համայնքներում ագրոկրթության և ագրոմշակույթի ձևավորման դասընթացներ են մեկնարկել

Արցախի` շփման գծին մոտ գտնվող համայնքներում ագրոկրթության և ագրոմշակույթի ձևավորման դասընթացներ են մեկնարկել

«Կրթություն հանուն ապագայի» հասարակական կազմակերպության կողմից նախաձեռնվել է «Գիտելիքահեն գյուղացիական տնտեսությունը ինտենսիվ գյուղատնտեսության ապագան է» ծրագիրը, որի շրջանակներում Արցախի` շփման գծին մոտ գտնվող համայնքներում կազմակերպվում են ագրոկրթության և ագրոմշակույթի ձևավորման դասընթացներ։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Կրթություն հանուն ապագայի» ՀԿ նախագահ Իրինա Գաբրիելյանը։ Նա տեղեկացրել է նաև, որ մայիսի 13-15-ը դասընթացներն արդեն իսկ անց են կացվել ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում:

«Քանի որ պատերազմի հետևանքով Արցախի գյուղատնտեսական պոտենցիալը պակասել է, ունենք վարելահողերի, արոտավայրերի, ոռոգման ջրերի կորուստ, ուստի անհրաժեշտություն է առաջանում գյուղացիների համար զբաղվածության այլընտրանքային եղանակներ գտնելու։ Որպես այդպիսի այլընտրանք մենք ընտրեցինք տնամերձ հողատարածքներում բարձրարժեք մշակաբույսերի աճեցումը, որը հնարավոր է ջերմատներում։ Դասընթացի շրջանակում թե՛ տեսական, թե՛ պրակտիկ գիտելիքներ փոխանցվեցին գյուղի հետաքրքրված բնակիչներին, ունեցանք այցելություններ ջերմատներ և նաև մասնագետների կողմից առանձին խորհրդատվություններ։ Ծրագրի նպատակը հենց գյուղատնտեսական գիտելիքների փոխանցումն ու կարողությունների զարգացումն է համայնքների բնակիչների մոտ։ Մասնագետները Հայաստանի Հանրապետությունում այդ ոլորտում մասնագիտացված կազմակերպությունից են»,-ներկայացրել է Ի. Գաբրիելյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ ծրագիրը շարունակական բնույթ է կրելու։

«Մայիս ամսվա վերջին նախատեսվում է Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում դասընթացներ մեկնարկել` արդեն 10-օրյա ձևաչափով։ Բոլոր հետաքրքրված անձինք կարող են դիմել Նորագյուղի համայնքապետարան՝ ծրագրի մասին տեղեկանալու և հայտը լրացնելու համար։ Նաև առկա է առցանց հայտադիմում լրացնելու հնարավորություն մեր կազմակերպության Ֆբ էջի հայտարարության մեջ»,-ընդհանրացրել է ՀԿ նախագահը։

  • Կիսվել: