հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արցախի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները հանդիպել են ԱրՊՀ գիտխորհրդի և ուսխորհրդի անդամների հետ

Արցախի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները հանդիպել են ԱրՊՀ գիտխորհրդի և ուսխորհրդի անդամների հետ

Սեպտեմբերի 20-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները խորհրդարանի փոխնախագահ Գագիկ Բաղունցի գլխավորությամբ, հանդիպել են Արցախի պետական համալսարանի գիտխորհրդի և ուսխորհրդի անդամների հետ:

Հանդիպմանը, որին ներկա էր նաև ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանը, քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակի, աշխարհաքաղաքական զարգացումների, առկա մարտահրավերների հետ կապված հարցեր:

Խորհրդարանականները ներկայացրել են սեպտեմբերի 15-17-ը ՀՀ-ում ունեցած հանդիպումների մանրամասները: Նրանք ընդգծել են, որ Արցախի ճակատագիրը պետք է որոշվի Արցախում, առանց մեր ժողովրդի ու իշխանության որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու՝ հայաստանյան գործընկերների հավաստիացումները պատգամավորները փոխանցեցին հանրությանը:

 

Խորհրդարանականները պատասխանել են դասախոսական կազմի և ուսանողության հարցադրումներին: Նրանք նշել են, որ խաղաղության օրակարգը տեսնում են Արցախի ինքնիշխանության պահպանման ու Հայաստանի անձեռնմխելիության պայմաններում:

Ստեղծված իրավիճակում պատգամավորները երկպառակտությունից խուսափելու, տարաձայնությունները մի կողմ թողնելու, ազգային օրակարգի շուրջ համախմբվելու կոչով են հանդես եկել:

Ամփոփելով հանդիպումը՝ ռեկտոր Արմեն Սարգսյանը շեշտել է նման հանդիպումների անհրաժեշտությունը, օրենսդիր-ժողովուրդ կապի ամրապնդումը: ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը նշել է, որ հանդիպումների շարք են նախատեսում հանրության լայն շերտերի հետ:

  • Կիսվել: