չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արցախի նկատմամբ հետաքրքրվածության բարձր մակարդակ կա. ԱՀ նախագահի խորհրդականն ամփոփել է Եվրոպայում ունեցած հանդիպումների արդյունքը

Արցախի նկատմամբ հետաքրքրվածության բարձր մակարդակ կա. ԱՀ նախագահի խորհրդականն ամփոփել է Եվրոպայում ունեցած հանդիպումների արդյունքը

Արցախի Հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը Եվրոպայում մի շարք հանդիպումներ է ունեցել:

 «Արցախպրես»-ի հետ զրույցում Նելլի Բաղդասարյանը որոշ մանրամասներ է ներկայացրել այցի և հանդիպումների արդյունքների վերաբերյալ:

-Տիկին Բաղդասարյան, շնորհակալություն Ձեզ՝ վերջերս Եվրոպա կատարած այցի մանրամասներով մեզ հետ կիսվելու առաջարկն ընդունելու համար, ի՞նչ եք արձանագրել, որո՞նք են մեր անելիքներն արտերկրում:

-Եվրոպական այցի շրջանակներում Փարիզում հանդիպել եմ ֆրանսահայ լրագրող-վերլուծաբան շրջանակի հետ: Մասնավորապես ներկայացրել եմ Արցախի Հանրապետությունում առկա ռազմաքաղաքական և սոցիալական իրավիճակը: Պետք է ասել, որ ընդհանրապես 2020 թ. ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմից հետո իրողություններով պայմանավորված և ուկրաինական ճգնաժամի ֆոնին որոշակիորեն նվազել է Արցախի մասին օտարալեզու մամուլում հրապարակումների քանակը, ուստի քննարկել ենք Արցախի թեմայով ֆրանսալեզու հրապարակումների ուղղությամբ աշխատանքներն ինտենսիվացնելու և տեղեկատվական դաշտում ակտիվություն ապահովելու հնարավորությունների հարցերը և անելիքները: Պետք է նշեմ նաև, որ վերջին շրջանում ֆրանսիական վերլուծական դաշտում մեծ աշխատանք է կատարվել. մասնավորապես՝ «Centre Français de Recherche sur le Renseignement (CF2R)» կենտրոնի կողմից հրապարակվել է «Լեռնային Ղարաբաղ. Սև գիրք» կոլեկտիվ աշխատությունը, որի խմբագիր-հեղինակներն են Էրիկ Դընեսեն և Տիգրան Եգավյանը: Տիգրան Եգավյանը մանրամասնել է աշխատության բովանդակային հարցերը: Աշխատությանն առաջիկայում առավել մանրամասն կանդրադառնամ: Եվրոպական այցի շրջանակներում հանդիպել եմ Փարիզի «Սատար Արցախին» միության գրասենյակի ներկայացուցիչ Իտա Գրգպեշյանի հետ: Ծանոթացել եմ միության կողմից Արցախում իրականացվելիք զարգացման ծրագրերին: Եվրոպայում գործող հայկական կառույցները ինչպիսի դերակատարություն են ունենում Արցախի թեման օրակարգում պահելու հարցում: Կարծում եմ, այս առումով մեծ դերակատարություն շարունակում է ունենալ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը:

Մասնավորապես, Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակում հանդիպել եմ գրասենյակի ղեկավար Կասպար Կարապետյանի և գրասենյակի անձնակազմի հետ: Մանրամասն քննարկում եմ ունեցել Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի և առաջնահերթությունների թեմայով, անդրադարձել եմ ռուսական խաղաղապահ առաքելության դերակատարությանը: Քննարկել եմ տարածաշրջանային զարգացումները և ԱՀ-ին ու ՀՀ-ին սպառնացող վտանգները: Կասպար Կարապետյանը ներկայացրել է իրենց կողմից ներկայացվող աշխատանքները եվրոպական կառույցների և հայ համայնքի հետ:

313015735_593860285820717_8422463917014526140_n (2).jpg (201 KB)Սեպտեմբերի 27-ին Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ և գրասենյակի ղեկավար Կասպար Կարապետյանի մասնակցությամբ կազմակերպվել է հանդիպում-քննարկում Արցախ-Բելգիա Ֆրանսախոս բարեկամության շրջանակի անդամներ՝ Անդրե դը Բյուսի/ խմբի կոորդինատոր/, նախկին սենատոր, Ժյուլի դե Գրոտի՝ Բրյուսելի ֆրանսախոս խորհրդարանի նախկին անդամ և Էմմանուել դը Բոկի՝ Ֆրանսախոս Խորհրդարանի անդամ, DéFI խմբակցության նախագահի հետ: Քննարկման ընթացքում ներկայացրել եմ Արցախում առկա իրավիճակը, ռուսական խաղաղապահ ինստիտուտի դերակատարությունը, ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունները 2020 թ. հրադադարի մասին պայմանավորվածությունից հետո, հրադադարի և մարդու իրավունքների խախտման պարբերականությունը: Ներկայացրել եմ նաև Բյուսելից հնչող հայտարարություններին ԱՀ արձագանքները և դիրքորոշումը: Շեշտել եմ, որ միջազգային հանրության կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի իրացման շրջանակներից դուրս, առաջարկվող ցանկացած այլ ձևաչափ Արցախը տանելու է գոյաբանական աղետի: Վերջում շնորհակալություն եմ հայտնել Արցախ-Բելգիա ֆրանսախոս բարեկամության շրջանակին՝ Խրամորթ գյուղի դպրոցի վերակառուցմանն ուղղված ֆինանսական աջակցության համար:

-Որքանո՞վ են եվրոպական կառույցները հետաքրքրված մեր տարածաշրջանի զարգացումներով:

-Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանի հետ հանդիպման ժամանակ հարցերի հենց այս շրջանակն ենք քննարկել: Մասնավորապես՝ ներկայացրել եմ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգը, ներկայացրել եմ միջազգային հանրությունից մեր ակնկալիքները, միջազգային մեկուսացվածությամբ պայմանավորված խնդիրները: Ընդգծել եմ Արցախի Հանրապետության դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերագործարկման անհրաժեշտության հարցում: Մեծապես կարևորել եմ եվրոպական կառույցների հետ աշխատանքում Արցախի Հանրապետության ժողովրդի միջազգային իրավունքի ազգերի ինքնորոշման իրավունքի հիմնարար սկզբունքից օգտվելու փաստըև դրա ճանաչմանն ուղղված միջազգային հանրությանը ներկայացվող կենսական պահանջի առաջնահերթությունը: Քննարկված հարցերի շրջանակում անդրադարձել եմ նաև ԱՀ սոցիալական խնդիրներին: Դեսպանն իր հերթին կարևոր դիտարկումներ և նկատառումներ է կատարել քննարկված հարցերի մասին:

Միաժամանակ դեսպանատան հրավերով մասնակցել եմ Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ, Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների նախաձեռնությամբ տեղի ունեցած ընդունելությանը, որին մասնակցել են Բելգիայի Թագավորության, ԵՄ և ՆԱՏՕ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և գործընկերներ։ Ընդունելության ընթացքում առանձնազրույցներ եմ ունեցել Եվրախորհրդարանի պատգամավորներ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ Ֆրանսուա Ալֆոնսիի, Պետեր Վան Դալենի, ժորդի Սոլեի, Չարլի Վայմերսի, Լարս Պատրիկ Բերգի հետ: Պատգամավորներին շնորհակալություն եմ հայտնել «Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ռազմագերիների վերադարձի հետ կապված բանաձևի» և «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին բանաձևի» ընդունման հարցում ունեցած օբյեկտիվ դիրքորոշման համար: Պատգամավորների ուշադրությունը հրավիրել եմ միջազգային իրավունքի երկակի ստանդարտների առկայությանը հակամարտության և հակամարտության հումանիտար հետևանքների նկատմամբ: Շեշտել եմ Արցախի Հանրապետության ժողովրդի միջազգային իրավունքի ազգերի ինքնորոշման իրավունքի հիմնարար սկզբունքից օգտվելու, բայ միջազգային հանրության կողմից այն չճանաչելու ծանր հետևանքները:

Ներկայացրել եմ ԱՀ դիրքորոշումը Բրյուսելից հնչող հայտարարություններին, ընդգծելով, որ կարգավորման գործընթացում հանդես եկող դերակատարները պետք է հավատարիմ մնան կարգավորման մասին միջազգային փաստաթղթերի տրամաբանությանը: Կարևորել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերագործարկման անհրաժեշտությունը: Ընդգծել եմ, որ միջազգային հանրությունը պետք է պրեվենտիվ գործելակերպ դրսևորի Ադրբեջանի հարցում, իսկ պոստֆակտում արձագանքները սպասված արդյունքը չեն կարող ունենալ: Պատգամավորները ափսոսանք են հայտնել Արցախ մուտքի սահմանափակումների հետ կապված և ցանկություն են հայտնել դրանց վերացումից հետո այցելել Արցախ: Պատգամավորներն իրենց հերթին կարևոր դիտարկումներ են կատարել քննարկված հարցերի նկատմամբ:

-Ինչպե՞ս է հայ համայնքը վերաբերվում համահայկական օրակարգային խնդիրներին:

-Պետք է ընդգծեմ, որ հայ համայնքի շրջանում կան մեծ մտահոգություններ թե՛ ՀՀ և թե՛ Արցախի Հանրապետությունում առկա իրավիճակի նկատմամբ: Բրյուսելի «Հայ տան» հրավերով մասնակցել եմ Բելգիայի հայ համայնքի կառույցների ղեկավար կազմի հետ հանդիպում-քննարկմանը: Քննարկումն ընթացել է երկու փուլով: Առաջին փուլում ներկայացրել եմ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգը, ռազմաքաղաքական զարգացումները, ՌԴ խաղաղապահության դերակատարությունը, Ադրբեջանի կողմից չդադարեցվող ուժի սպառնալիքի դիսկուրսը: Երկրորդ փուլում համայնքի ներկայացուցիչների առաջարկությամբ ներկայացրել եմ ԱՀ կառավարության կողմից ձևակերպված մի շարք զարգացման ծրագրեր, որոնք ֆինանսավորման խնդիր ունեն: Մեկ ծրագիր Բրյուսելի «Հայ տան» կողմից ֆինանսավորում է ստացել: Հայ համայնքի ներկայացուցիչների կողմից հնչեցվել են ԱՀ ռազմաքաղաքական, սոցիալական ոլորտներին վերաբերող բազմաթիվ հարցեր, ծավալվել է ակտիվ քննարկում:

Ամփոփելով նշեմ, որ Արցախի Հանրապետության առկա իրողությունների նկատմամբ հետաքրքրվածության բարձր մակարդակ կա և անհրաժեշտություն կա այն լրացնելու:

  • Կիսվել: