կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արցախի նախագահների կալանավորումն ապօրինի է, նպատակը նաև հոգեբանական առավելություններ ձեռք բերելն է

Արցախի նախագահների կալանավորումն ապօրինի է, նպատակը նաև հոգեբանական առավելություններ ձեռք բերելն է

Ադրբեջանի կողմից Արցախի երեք նախագահների կալանավորումը քաղաքական ենթատեքստ ունի: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միզազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

«Հանցագործության բացահայտման իրավական մեխանիզմներն Ադրբեջանի կողմից օգտագործվել են ուժի ցուցադրության նպատակով», - նշել է Սահակյանը։

Ըստ նրա` Ադրբեջանի պատժիչ գործողությունների նպատակը նաև հոգեբանական առավելություններ ձեռք բերելն է ու երկարաժամկետ էֆեկտներից օգտվելը։

«Չճանաչված պետության մեջ պաշտոն զբաղեցնելը թույլատրելի գործողություն է, և մենք նախադեպեր չունենք, որ չճանաչված պետության ղեկավարները պատասխանատվության կանչվեն այդ պետությունը ղեկավարելու համար։ Արցախի Հանրապետությունը միջազգային ռեգիստրներում երբեք չի որակվել` որպես ահաբեկչական կազմավորում, իսկ այն ղեկավարած անձինք չեն ներառվել ահաբեկիչների ցանկում։ Ըստ այդմ` ձերբակալություններն ապօրինի են ու Արցախի պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերը` շինծու», - ընդգծեց Սահակյանը։

Արցախի պաշտոնյաներին առաջադրված մեղադրանքը, նրա համոզմամբ, կարող էր լինել քրեական օրենսգրքի ցանկացած հոդվածով, ու քանի որ Ադրբեջանը միջազգային հարթակներում ունի հեղինակություն, քաղաքական դրդապատճառներով կարող է հալածել ցանկացած անձի։

Միջազգային իրավունքի մասնագետը հիշեցրեց, որ ՄԻԵԴ 27 գործերից 11–ը կայացվել է Ադրբեջանի դեմ` քաղաքական դրդապատճառներով հալածանքների համար։ Սա, ըստ նրա, նշանակում է, որ Ադրբեջանը քաղաքական դրդապատճառներով քրեական գործեր կարելու և հասարակությանը մատուցելու ձևավորված պրակտիկա և պատմություն ունի։

  • Կիսվել: