ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախի նախագահի թեկնածուներից ամենահարուստը՝ Արայիկ Հարությունյանն է, Վիտալի Բալասանյանը գործազուրկ է․ հայտարարագրեր

Արցախի նախագահի թեկնածուներից ամենահարուստը՝ Արայիկ Հարությունյանն է, Վիտալի Բալասանյանը գործազուրկ է․ հայտարարագրեր

Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահի 14 թեկնածուների գույքի եւ եկամտի մասին հայտարարագրերը։ 

Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանն ունի 5 բնակարան, որից մեկը՝ Երեւանում։ Շարժական գույք հայտարարագրված չէ։ Ինչ վերաբերվում է դրամական միջոցներին, ապա դրանք կազմում են 18․300․000 դրամ եւ 400 ԱՄՆ դոլար։ Բաբայանը հայտնել է, որ դրամական միջոցները առաջացել են աշխատավարձից։ Նախագահի թեկնածուն գործող նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմում է աշխատում, ինչպես նաեւ Արցախի Պետական եւ Մեսրոպ Մաշտոց համալսարաններում։

Արցախի նախկին վարչապետ, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը նախագահի ամենահարուստ թեկնածուն է։ Նա հայտարարագրել է մեկ բնակելի տուն Ստեփանակերտում, երեք հողամաս, մեկ արտադրամաս եւ մեկ գրասենյակ։ Նա նաեւ թանկարժեք մեքենա է հայտարարագրել։ Թեկնածուն գյուղատնտեսական եկամուտներ է ստացել։ Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու պահին կազմել է 96 միլիոն դրամ։ Նշենք, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ Արայիկ Հարությունյանը բազմաթիվ այլ եկամուտի աղբյուրներ ունի, եւ Արցախում գործող մի շարք օբյեկտներ կապվում են նրա անվան հետ։

Ըստ հայտարարագրերի՝ Վիտալի Բալասանյանը գործազուրկ է։ Նա որպես անշարժ գույք հայտարարագրել է Ասկերանում գտնվող բնակելի տունը, որպես համասեփականատեր։ Բալասանյանի դրամական եկամուտները հայտարարագիրը ներկայացնելու պահին կազմել է 2 միլիոն դրամ։ Շարժական գույք Բալասանյանը չի հայտարարագրել։

Արցախի նախագահի թեկնածուներից Սերգեյ Ամիրյանն էլ աշխատում է մասնավոր ընկերությունում, եւ ըստ ներկայացրած հայտարարագրի ունի կիսակառույց առանձնատուն Ստեփանակերտում։ Թեկնածուն նաեւ շարժական գույք է հայտարարագրել։ Խոսքը՝ Վազ 20․10 մակնիշի ավտոմեքենայի մասին է։ Ի տարբերություն վերը նշված թեկնածուների, Սերգեյ Ամիրյանի դրամական միջոցները բավականին մեծ են։ Հայտարարագիրը ներկայացնելու պահին Արցախի նախագահի պաշտոնին հավակնող Ամիրյանը իր հաշվին ունի 10 միլիոն ՀՀ դրամ։

Առաջադրված թեկնածուներից Քրիստինե Բալայանը ըստ ներկայացրած հայտարարագրի ունի ընդամենը մեկ բնակարան քաղաք Ստեփանակերտում։ Նախագահի թեկնածուն գործազուրկ է։ Անշարժ ու շարժական այլ գույք հայտարարագրում նշված չէ։ Ըստ ներկայացված հայտարարագրի Բալայանն ունի ընդամենը 100 հազար դրամ։ Նախագահի մյուս կին թեկնածուն՝ Բելա Լալայանը եւս գործազուրկ է։ Որպես անշարժ գույք հայտարարագրել է մեկ ոչ բնակելի տարածք եւ մեկ հողակտոր, իսկ որպես շարժական՝ Toyota մակնիշի ավտոմեքենա։ Դրամական միջոցներ չունի։

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը հայտարագրել է մեկ բնակարան Ստեփանակերտ քաղաքում եւ 200 հազար դրամ որպես դրամական միջոց։

ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը եւս աղքատներից չէ։ Նա ունի երկու բնակելի տուն Ստեփանակերտում, երկու հողամաս, մեկ ավտոտնակ։ Թեկնածուն նաեւ անասնաֆերմա ունի։ Ինչ վերաբերվում է շարժական գույքին, ապա ըստ հայտարարագրի Իշխանյանը ունի Honda-CRV եւ Нива-ВА32121 մակնիշի ավտոմեքենա։ Անդրադառնալով դրամական միջոցներին նշենք, որ ըստ հայտարարագրի նա ունի 5 միլիոն ՀՀ դրամ եւ 8 հազար ԱՄՆ դոլար։

Արցախի նախագահի թեկնածու Վահան Բադասյանը։ Նա ունի երկու բնակարան Հադրութում եւ մեկ ալրաղաց։ Բադասյանի շարժական գույքերի թիվը հասնում է մոտ մեկ տասնյակի, իսկ դրամական միջոցները կազմում է 4․820 հազար դրամ։

Արցախի Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հայտարարագրել է մեկ բնակարան, մեկ հողամաս Ստեփանակերտ քաղաքում եւ երկու ավտոմեքենա։ Նա հաշվին հայտարարագիրը ներկայացնելու պահին ունեցել է 9 միլիոն դրամ։

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ըստ հայտարարագրի ունի մեկ բնակարան, իսկ ահա շարժական գույք չունի։ Որպես դրամական միջոց ներկայացրել է ԱԺ նախագահի աշխատավարձը՝ 1․120 հազար դրամ։

Արցախի անկախ պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը հողամասեր ունենալու սիրահար է։ Նա հայտարարագրել է 10-ը հողամաս, մեկ բնակարան, մեկ ավտոտնակ եւ մեկ ավտոկայանատեղ։ Նախագահի թեկնածուն որպես անշարժ գույք հայտարարագրել է Մերսեդես Բենս մակնիշի ավտոմեքենան։ Ի տարբերություն մյուս թեկնածուների նա նաեւ ռուսական ռուբլի ունի։ Մասնավորապես ունի 4․500 հազար դրամ, 15․500 ԱՄՆ դոլար եւ 200 հազար ռուսական ռուբլի։ Թեկնածուն նաեւ մի շարք ընկերություններում փայատեր է։

Թեկնածուներից Աշոտ Դադասյանը հայտարարագրել է մեկ բնակարան, մեկ անշարժ գույք եւ 3 միլիոն ՀՀ դրամ դրամական եկամուտ։ Մելսիկ Պողոսյանն էլ ունի երկհարկանի շինություն, մեկ բնակարան, կիսակառույց շինություն, ինչպես նաեւ բնակելի մեկ տարածք։ Նրա դրամական միջոցները հասնում է 2․796 հազար դրամի։

  • Կիսվել: