կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախում նախագահական ընտրությունները կավարտվեն մեկ փուլով և նրանցում 56.5 տոկոսով հաղթանակ կտանի Արայիկ Հարությունյանը․ Ահարոն Ադիբեկյան

Արցախում նախագահական ընտրությունները կավարտվեն մեկ փուլով և նրանցում 56.5 տոկոսով հաղթանակ կտանի Արայիկ Հարությունյանը․ Ահարոն Ադիբեկյան

Արցախում նախագահական ընտրությունները կավարտվեն մեկ փուլով և նրանցում 56.5 տոկոսով հաղթանակ կտանի «Ազատ Հայրենիք» կուսակցության կողմից առաջադրվախ նախագահւ թեկնածու Արայիկ Հարությունյանը։ Այս մասին են վկայում «Սոցիոմետր» կազմակերպության Արցախում իրականացրած սոցհարցման արդյունքները։

Ներկայացնելով իրենց հարցման արդյունքները՝ կազմակերպության ղեկավար Ահարոն Ադիբեկյանը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ մասնավորապես ասաց, որ երկրորդ տեղում արտգործնախարար Մասիս Մայիլյանն է՝ 26.6 տոկոսով։ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ըստ հարցման, կհավաքի 7,7 տոկոս, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ 4.1 տոկոս։ «Մնացած թեկնածուները ավելի ցածր ցուցանիշներ են արձանագրել»,- նշեց նա։

Սոցհարցումների արդյունքների համաձայն՝ Արցախում քարոզարշավի ընթացքին հետևում է բնակչության 72 տոկոսը։ «Ընդ որում, ընտրությունների մասին տեղեկացված են 85 տոկոսը։ 32 տոկոսը պատրաստ է գնալու ընտրությունների և քվեարկելու իր նախընտրած թեկնածուի օգտին, մնացածը դեռ չեն կողմնորոշվել»,- նշեց Ադիբեկյանը։

«Ի՞նչ ակնկալիքներ ունեն ապագա իշխանություններից» հարցին ի պատասխան քաղաքացիները նշել են՝ սոցիալական խնդիրների լուծումը, բնակավայրերի բարեկարգումը և հանգստի ու ժամանացային կենտրոնների կառուցումը։

«Ամենաճանաչված թեկնածուն Արայիկ Հարությունյանն է։ Նրան գիտեն հարցվածների 84 տոկոսը, երկրորդ տեղում է Մասիս Մայիլյանը՝ 64 տոկոս, երրորդը՝ Վիտալի Բալասանյանն է 60 տոկոսով, իսկ Աշոտ Ղուլյանին ճանաչում են հարցվածների 54 տոկոսը։ Մյուսները բավականին համեստ ցուցանիշներ ունեն»,- հավաստեց Ադիբեկյանը։

Հարցումն իրականացվել է Ստեփանակերտի ուսանողների, երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստների շնորհիվ։

 

  • Կիսվել: