ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի Մայր բուհն այս տարի ավարտում է 497 ուսանող. անդրադարձ

Արցախի Մայր բուհն այս տարի ավարտում է 497 ուսանող. անդրադարձ

2021-2022 ուսումնական տարում Արցախի պետական համալսարանն ունի 497` առկա բակալավրիատում՝ 246, իսկ հեռակա բակալավրիատում՝ 107 շրջանավարտ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱրՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը:

«Մագիստրատուրայի առկա բաժնում ունենք 128 շրջանավարտ, իսկ հեռակա մագիստրատուրայի 16 ուսանողներ բուհն ավարտել են հունվարին: Այս թվերը փաստում են, որ մեր տնտեսությունը համալրվել է մոտ 500՝ լավագույնս պատրաստված մասնագետներով, ովքեր անցել են իրենց մասնագիտական լիազորությունների իրականացմանը»,-ասել է Վ. Յարամիշյանը:

Նա նշել է, որ մայիսի 16-20-ն ընկած ժամանակահատվածում բուհում անցկացված ամփոփիչ որակավորման քննությունների, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի հանձնման փուլը ունեցել է երկակի պատկեր:

«Ակնհայտ երևում էր, որ հետպատերազմյան իրավիճակում ունեցել ենք որոշակի դժվարություններ` լիարժեք կրթական պահանջներն ու չափորոշիչները իրագործելու առումով, իսկ մյուս կողմից էլ կարելի է արձանագրել, որ դա վճռորոշ գործոն չի եղել, և մեր ուսանողները կարողացել են և´ հաղթահարել պատերազմի թողած ճգնաժամը, և´ այդ փորձությունը, քանի որ ակնհայտ երևում էր նրանց մոտիվացիան, ցանկությունը` մասնագիտական աճ արձանագրելու գործում: Ունեցանք գերազանց աշխատանքներ, դրական գնահատականներ պետական քննող հանձնաժողովների կողմից: Իհարկե, կային օբյեկտիվ և սուբյեկտիվ որոշակի նկատառումներ»,-նշեց նա:

Մեր զրուցակիցը խոշոր ձեռքբերում համարեց բուհի միջազգային հավատարմագրումը: Ուսանողների չափանիշով համալսարանը բարձր գնահատականի արժանացավ:

«Այս ամենը հուսադրող է, բայց բավարար չէ: Մտածում ենք առաջիկայում ծրագրային հավատարմագրում անցնել, որի համար պետք է լրջորեն աշխատենք մեր ուսումնական ծրագրերի կատարելագործման, ուսուցման որակի արդյունավետության բարձրացման ուղղությամբ»,-մանրամասնել է պրոռեկտորը:

Անդրադառնալով համալսարանի նոր մասնաշենքի վերակառուցման աշխատանքներին՝ Վ. Յարամիշյանը տեղեկացրել է, որ շենքը շահագործման է հանձնվել, և այս պահի դրությամբ օպերատիվ կերպով ԱՀ Կառավարության անմիջական վերահսկողությամբ լուծվում է այն անհրաժեշտ գույքով ու տեխնիկայով համալրելու հարցը:

«Ամենայն հավանականությամբ, սեպտեմբերի 1-ին մենք բոլորս միասին նորամուտ կտոնենք ԱրՊՀ նորակառույց և հիմնանորոգված մասնաշենքում»,-ընդհանրացրել է պրոռեկտորը:

  • Կիսվել: