կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Արցախի Մայր բուհում գիտագործնական կոնֆերանս է կազմակերպվել

Արցախի Մայր բուհում գիտագործնական կոնֆերանս է կազմակերպվել

Այսօր՝ ապրիլի 27-ին, Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է «Արդի պայմաններում կրթության ոլորտում հոգեբանական աշխատանքի առաջնահերթ ուղղությունները» թեմայով գիտագործնական կոնֆերանս:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կոնֆերանսին ողջույնի խոսքով հանդես է եկել ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը:
 
«Հայի ինքնության անսպառ եռանդն ու ներուժն արտահայտված են մեր հայրենիքում, մեր երազների երկիր Արցախ աշխարհում: Այսօր մեր պետությունում ռազմահայրենասիրական ոգին բարձր պահելու, ազգային-ազատագրական վեհ գաղափարներով մեր սերունդներին տոգորելու համար անչափ կարևոր է կրթական ոլորտի բարելավումը, ինչպես նաև համընդհանուր ներառական կրթության ապահովումը բոլոր մակարդակներում: Այսպիսի գիտագործնական կոնֆերանսները կոչված են ամրակայելու մեր ոգին»,-նշել է Ա. Հակոբյանը:
 
Բուհի ռեկտոր Արմեն Սարգսյանը ելույթի իր խոսքում նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո ԱՀ կրթօջախներում առաջացան նոր մարտահրավերներ, քանի որ ուսումնական գործընթացը կազմակերպելու օրինաչափ ընթացքը խախտվեց, և մեծ կարիք կար նաև հոգեբանական աշխատանքներ տանելու և´ աշխատակիցների, և´ աշակերտների, և´ ուսանողների շրջանում:
 
«Հետպատերազմյան ժամանակաշրջանում բուհում իրավիճակը շատ ծանր էր, և երբ 2020 թվականի դեկտեմբերի 1-ին մենք վերսկսեցինք պարապմունքները, պետք է ասեմ, որ դասապրոցեսին մասնակցում էր պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի ընդամենը 3%-ը, բայց կարողացանք հաղթահարել այդ դժվարությունները, և բուհի կրթական գործընթացն իր բնականոն հուն վերադարձավ: Սակայն ծանր էր իրավիճակը այն առումով, որ դասախոսները, և, հատկապես, ուսանողները, գտնվում էին հոգեբանորեն ճնշված վիճակում, և մենք, ԱՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ, նախաձեռնեցինք ու կարճ ժամանակում անցկացրեցինք բազմաթիվ խորհրդակցություններ, որոնցում ներգրավեցինք ռուսական խաղաղապահ ուժերի հոգեբանական խմբերին»,-ներկայացրել է ռեկտորը՝ ընդգծելով, որ «Հոգեբանություն» կրթական ծրագիրը բուհի ամենամեծ առաջընթաց ունեցող ծրագրերից է:
 
Նա նշել է, որ բուհը մեծ սիրով կհամագործակցի ԱՀ հանրակրթական դպրոցների հետ` ցույց տալով անհրաժեշտ հոգեբանական օգնություն:
 
ԱՀ նախագահի խորհրդական, հ.գ. թ. Լուսինե Ղարախանյանը մեզ հետ զրույցում ողջունելի է համարել կոնֆերանսի կազմակերպումը:
 
«Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի կրթական համակարգում հոգեբանական ծառայություններն աշխատեն ըստ էության: Մեր հոգեբանները, տնօրենները, վարչական աշխատողները պետք է ունենան ապրումակցման քարտեզ: Մենք գալիքը փրկելու ենք կրթական համակարգի միջոցով»,-ասել է մեր զրուցակիցը:
 
Գիտագործնական կոնֆերանսին զեկույցներով հանդես են եկել ԱրՊՀ պրոռեկտոր, հ.գ.թ., դոցենտ Վիտյա Յարամիշյանը, Որակի ապահովման կենտրոնի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Շուշանիկ Սաղյանը, հանրակրթական դպրոցների տնօրեններ, ուսանողներ:

  • Կիսվել: