ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախի իշխանություններն իրենց որոշումն ընդունել են՝ հաշվարկելով բոլոր հնարավոր ռիսկերը. Մնացականյանը՝ ԱՀ ընտրությունների մասին

Արցախի իշխանություններն իրենց որոշումն ընդունել են՝ հաշվարկելով բոլոր հնարավոր ռիսկերը. Մնացականյանը՝ ԱՀ ընտրությունների մասին

Արցախի ընտրությունները մեծ կարևորություն ունեն երեք տեսանկյունից՝ մարդու իրավունքների, տարածաշրջանային անվտանգության և խաղաղ գործընթացի տեսանկյուններից: Այս մասին այսօր հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով արցախյան ընտրությունների մասին:

Նա նշեց, որ Արցախի ընտրություններով իրականացվում է հանրային կյանքը կառավարելու Արցախի ժողովրդի մարդու իրավունքը: Մնացականյանի խոսքով՝ Ընտրված իշխանություններն Արցախում շարունակելու են ապահովել Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգությունը: 

՛՛Բնականաբար, Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության երաշխավորը: Եվ ի վերջո, Արցախի ընտրված իշխանությունները պետք է ստանան, ունենան Արցախի ժողովրդի մանդատը՝ ներկայացնելու վերջիններիս բանակցային գործընթացում՛՛,-ասաց նախարարը:

Այս առումով նա առավել քան կարևորեց ընտրությունները՝ նշելով, որ Արցախի իշխանություններն իրենց որոշումն ընդունել են՝ հաշվարկելով բոլոր հնարավոր ռիսկերը: Մնացականյանը նաև ափսոսանք հայտնեց, որ դիտորդների  առաքելությունը խափանվեց կորոնավիրուսի պատճառով: ՛՛Բայց ի վերջո ընտրություններն Արցախի ժողովուրդն իրականացնում է իր, և ոչ թե՝ դիտորդների համար: Արցախի իշխանություններն ընդունեցին այդ որոշումը, և մենք հարգում ենք այդ որոշումը՛,՛-եզրափակեց նա: 

  • Կիսվել: