ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախի ԱԺ-ն վճռականորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից երկրի դեմ ձեռնարկված ագրեսիայի ակտը

Արցախի ԱԺ-ն վճռականորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից երկրի դեմ ձեռնարկված ագրեսիայի ակտը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վճռականորեն դատապարտում է 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Հանրապետության դեմ ձեռնարկված ագրեսիայի ակտը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը, որի ընթացքում թիրախավորվել է այդ թվում նաև Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի և սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակչությունը, դաժան հանցագործություն է, որի համար Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ենթակա է միջազգային քրեական պատասխանատվության:

Ադրբեջանի ռազմական ագրեսիան համարում ենք Արցախի Հանրապետության բնակչության դեմ մասսայական և կանոնավոր հարձակումների շղթայի հերթական օղակը, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից հակամարտության ամբողջ ընթացքում ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ, ինչը միջազգային իրավունքով որակվում է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն:

Համոզված ենք, որ Արցախի Հանրապետության քաղաքացիների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կյանքի իրավունքի չդադարող խախտումների պայմաններում, Ադրբեջանի հանցավոր գործողությունների համար միջազգային հանրության համարժեք և ադեկվատ պատասխան կդառնա Արցախի փաստացի անկախության ճանաչումը, ինչը թույլ կտա երկարաժամկետ խաղաղություն հաստատել տարածաշրջանում:

Միջազգային գործընթացներում Արցախի Հանրապետության ինտեգրման, Հանրապետության իշխանությունների հետ ուղիղ երկխոսության, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների ակտիվացման միջոցով միջազգային հանրությունը կցուցադրի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված Ադրբեջանի ագրեսիվ, անօրինական և հանցավոր գործողությունների անընդունելիությունը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կոչ է անում աշխարհի առաջադեմ երկրների խորհրդարաններին իրենց ձայնը բարձրացնել ի պաշտպանություն արցախցիների ազատության և անկախության իրավունքների, օգտագործել իրենց ամբողջ հեղինակությունը ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու և մասսայական արյունահեղությունը կանխելու համար»:

 

 

  • Կիսվել: