ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» և «Միասնական հայրենիք» խմբակցությունների պատգամավորների միջև օրերս տեղի է ունեցել հայհոյախառը ծեծկռտուք

Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» և «Միասնական հայրենիք» խմբակցությունների պատգամավորների միջև օրերս տեղի է ունեցել հայհոյախառը ծեծկռտուք

Արցախի Ազգային ժողովում ներկայացված «Արդարություն» և «Միասնական հայրենիք» խմբակցությունների պատգամավորների միջև օրերս տեղի է ունեցել հայհոյախառը ծեծկռտուք:

Այս առնչությամբ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ս․թ․ նոյեմբերի 18-ին ԱՀ Ազգային ժողովի հարակից տարածքում, մասնավորապես՝ «Արմենիա» հյուրանոցի սրճարանում, ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը քաղաքական դրդապատճառներով անվայելուչ արտահայտություններ ու սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Արշակ Գրիգորյանի և «Միասնական հայրենիք» կուսակցության անդամների նկատմամբ, որի հետևանքով վերջիններս հարվածներ են հասցրել միմյանց։ Այնուհետև պատգամավոր Ա․ Գրիգորյանին զանգահարել և զրուցելու պատրվակով «Արմենիա» հյուրանոցի սրճարան է հրավիրել վերոնշյալ միջադեպի ժամանակ պատգամավոր Դ․ Գալստյանին ուղեկցող «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը։ Ա․ Գրիգորյանի և Հ․ Հակոբյանի՝ մի քանի րոպե տևած զրույցն ընդհատվել է պատգամավոր Դ․ Գալստյանի և նրան ուղեկցող մի քանի անձանց կողմից Ա․ Գրիգորյանի վրա թիկունքից հարձակմամբ։ Արդյունքում երրորդ կողմի ներգրավմամբ կանխամտածված բռնության է ենթարկվել ԱԺ պատգամավոր Ա․ Գրիգորյանը։

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ ԱԺ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարում է՝ - խստորեն դատապարտում ենք պատգամավոր Ա․ Գրիգորյանի նկատմամբ բռնության կիրառումը և անթույլատրելի ենք համարում քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը հատկապես պատգամավորական մանդատ կրող անձանց նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ, - պահանջում ենք Ազգային ժողովում ստեղծել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով և քննության առնել ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դ․ Գալստյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ հարցը՝ արարքի համապատասխան որակմամբ, - կոչ ենք անում իրավապահ մարմիններին ձեռնարկել բոլոր միջոցները՝ բացահայտելու պատգամավոր Ա․ Գրիգորյանի նկատմամբ բռնություն գործադրած անձանց և վերջինիս նկատմամբ իրականացնել քրեական հետապնդում՝ արարքի համապատասխան քրեաիրավական որակմամբ»։

  • Կիսվել: