ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախի ԱԳ փոխնախարարը հանդիպել է Կիպրոսի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ

Արցախի ԱԳ փոխնախարարը հանդիպել է Կիպրոսի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ

Աշխատանքային այցով Կիպրոսի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը հանդիպել է Կիպրոսի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումը կազմակերպվել է Կիպրոսի խորհրդարանում hայկական hամայնքի պետական ներկայացուցիչ, պատգամավոր Վարդգէս Մահտեսեանի նախաձեռնությամբ։

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները, մասնավորապես, անդրադարձ է կատարել Արցախի միջազգային ճանաչման և միջազգային համագործակցության ընդլայնման գործընթացներին, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլին։

Հանդպման մասնակիցների խնդրանքով Արմինե Ալեքսանյանը նաև խոսել է Արցախում առկա իրողությունների մասին՝ ընդգծելով մարտի 31-ին հանրապետությունում կայանալիք համապետական ընտրությունների կարևորությունը ժողովրդավարական պետականության շարունակական ամրապնդման տեսանկյունից։

Արմինե Ալեքսանյանն անդրադարձել է նաև Արցախ-սփյուռք հարաբերություններին՝ ընդգծելով հայկական համայնքային կառույցների դերը թե՛ սփյուռքում հայապահպանության և թե՛ հայրենիքում, մասնավորապես` Արցախում, ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացման գործում։ Կողմերը կարևորել են նմանատիպ հանդիպումների պարբերական անցկացումը՝ համագործակցության նոր ուղղությունների շուրջ մտքերի փոխանակման և հետագա քայլերի նախանշման նպատակով։

  • Կիսվել: