ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախի ԱԳ նախարարը կարևորել է Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը և Բերձորի ճանապարհին այլընտրանք հանդիսացող ճանապարհի կառուցումը

Արցախի ԱԳ նախարարը կարևորել է Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը և Բերձորի ճանապարհին այլընտրանք հանդիսացող ճանապարհի կառուցումը

Արցախի իշխանությունները միջազգային ճանաչումը համարում են իրենց քաղաքականության գերակա ուղղություն։ Այս մասին Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել է ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

Բաբայանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարը, Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը և Բերձորի ճանապարհին այլընտրանք հանդիսացող ճանապարհի կառուցումը:

Նրա խոսքով` պաշտոնական Բաքուն ասում է, որ կարգավիճակի հարց իր համար գոյություն չունի, սակայն Արցախի իշխանություններն իրենց պատկերացումներն ունեն ապագա կարգավորման մասին:

«Այո, իրավիճակը մեզ համար չափազանց ծանր է։ Եթե պատկերավոր ասենք՝ Արցախը վիրավոր է, նա ծանր վիրավոր է, բայց ողջ է։ Իրավիճակը բարդ է, բայց այն որպես սուբյեկտ պահպանվում է։ Նույնիսկ նման բարդ իրավիճակում մենք կարևորագույն առաքելություն ունենք աշխարհաքաղաքականության մեջ։ Արցախի գոյությունն ինքնին տարածաշրջանը հետ է պահում տարբեր տիպի տատանումներից։ Իհարկե, Ղարաբաղի կարգավիճակը դե յուրե չի ճանաչվել, բայց փաստացի այն գոյություն ունի։ Կան ռուս խաղաղապահները, կա ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը շարունակում է զբաղվել կարգավորմամբ»,- ասել է Բաբայանը։

Նա չի բացառել, որ միջազգային ճանաչման գործընթացում պետք է որոշակի նոր տարրեր մտցնել, վերանայել, փոխել սեփական ռազմավարությունն ու մարտավարությունը, բայց այդ գործընթացը պետք է շարունակվի:

 




  • Կիսվել: