երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախի 118 դպրոցներում ուսումնական գործընացը շարունակում է դադարեցված մնալ. անդրադարձ

Արցախի 118 դպրոցներում ուսումնական գործընացը շարունակում է դադարեցված մնալ. անդրադարձ

Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման և էներգամատակարարման խափանման պատճառով Հանրապետության հանրակրթական, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում և արհեստագործական ուսումնարաններում ուսումնական գործընթացը շարունակում է կասեցված մնալ:

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մինասյանն «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ստեղծված իրավիճակը խիստ բացասաբար է անդրադարձել ուսումնական բուն գործընթացի լիարժեք կազմակերպմանը, ինչպես նաև սնունդ մատակարարելու խնդիր է ստեղծել մանկապարտեզների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի, Երկարօրյա դպրոցներ հաճախող երեխաների համար:

Нет описания.«Այս պահի դրությամբ ուսումնական գործընացը կասեցված է Հանրապետությունոմ գործող 118 դպրոցներում, որտեղ նախադպրոցական տարիքից մինչև 12-րդ դասարանների մոտ տասնութ հազար հինգ հարյուր երեխա է հաճախում: Դեկտեմբեր ամսվա վերջին դադարեցվել է նաև մանկապարտեզների գործունեությունը. նախադպրոցական ուսումնական հաստատություններ էլ ավելի քան երեք հազար հինգ հարյուր երեխա է հաճախում: Դպրոցների նախադպրոցական խմբերի երեխաների թիվը կազմում է մոտ 1302, մասնագիտական կրթական ուսումնական հաստատությունների ուսանողների թիվը՝ 7000: Միայն Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան պետական բժշկական քոլեջի սաներն են շարունակում փորձուսուցում անցնել հիվանդանոցներում»,-մանրամասնել է Հ.Մինասյանը:

Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է նաև,որ Հանրապետությունում կան դպրոցներ, որտեղ ջեռուցումն իրականացվում է փայտով, սակայն այդ հաստատություններում ևս ուսումնական գործընթացը չի շարունակվում:

«80-ից ավելի դպրոցներում ջեռուցումն իրականացվում է փայտային կաթսաների և վառարանների միջոցով, ուղղակի այդ դպրոցներից որոշներում աշակերտների թիվը փոքրամասնություն է կազմում: Եվ եթե նույնիսկ փայտով ջեռուցվող դպրոցներում շարունակվի ուսումնական գործընթացը, իսկ մյուսներում՝ ոչ, ապա ուսումնական տարվա վերջում մի շարք խնդիրներ կառաջանան. աշակերտների մի մասը ուսումնական ծրագրից հետ կմնա»,-ընդգծել է Հ. Մինասյանը:

Հարցին՝ արդյո՞ք գարնանային արձակուրդների հաշվին կլրացվի բաց թողնված ծրագիրը, թե կերկարաձգվի ուսումնական տարին, մեր զրուցակիցը պատասխանեց, որ դա կախված է ուսումնական գործընթացի վերսկսման ժամկետներից:

  • Կիսվել: