Արցախ մուտք գործող և Արցախից դուրս եկող տրանսպորտային միջոցները կախտահանվեն
Այսօրվանից Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանում անվճար հիմունքներով կախտահանվեն Արցախ մուտք գործող և Արցախից դուրս եկող տրանսպորտային միջոցները:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանի փոխտնօրեն Ալեքսանդր Հայրապետյանը:
«Պետք է նշեմ, որ ախտահանումը իրականացվում է տեղում: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր տրանսպորտային միջոցներն ախտահանվում են պարտադիր կերպով: Բացի դրանից, իրենց տրանսպորտային միջոցներն ախտահանելու համար դիմում են նաև անհատ տաքսիստներ: Ի դեպ, այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են ախտահանել իրենց մեքենան, ևս կարող են դիմել մեզ»,- ավելացրել է Ա. Հայրապետյանը:

Մեր զրուցակիցը նշել է, որ Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում շատ կարևոր է, որպեսզի վարորդները ևս իրազեկված լինեն և հետևեն վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին: