շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՀ սննդի շուկայում խախտումներ են արձանագրվել

ԱՀ սննդի շուկայում խախտումներ են արձանագրվել

ԱՀ ԷԳՆ սննդամթերքի անվտանգության, շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական ծառայության մասնագետները սեպտեմբերի 16-30-ը ներառյալ Հանրապետության տարածքում դիտարկումներ են իրականացրել 21 տնտեսավարող սուբյեկտների մոտ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հաղորդեց ԱՀ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Գոհար Հայրապետյանը:

«Սննդի շուկայում ԱՀ օրենսդրությամբ ներկայացվող պահանջների համապատասխանության խախտումներ են արձանագրվել 10 տնտեսավարող սուբյեկտների մոտ, որոնց տրվել են հանձնարարականներ և սահմանվել ժամկետներ՝ թույլ տրված խախտումները վերացնելու համար: Նույն ժամանակահատվածում իրականացվել է 6 ուսումնամեթոդական շրջայց՝ 40 տնտեսավարող սուբյեկտների մոտ: Կատարված վերահսկողական աշխատանքների ընթացքում իրականացվել են միրգ-բանջարեղենում առկա նիտրատների առավելագույն մնացորդային քանակների չափումներ և հայտնաբերվել ժամկետանց ապրանքներ: Կատարված չափումներից պարզ է դարձել, որ միրգ-բանջարեղենում նիտրատների քանակը համապատասխանում է կառավարության կողմից սահմանված նորմերին: Ընդհանուր առմամբ՝ կատարվել են 4220 կգ միրգ-բանջարեղենի նիտրատների առավելագույն մնացորդային քանակների չափումներ: Հայտնաբերված ժամկետանց ապրանքատեսակները կազմում են 112.48 կգ: Դրանք տնտեսավարող սուբյեկտների ներկայությամբ և համաձայնությամբ վերացվել են տեղում», - նշեց Գ. Հայրապետյանը:

  • Կիսվել: